Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ...
hogevor-khorhurd

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:

Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կազմակերպաիրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր: Քննարկման առարկա կդառնան 2019 թ. որպես Ընտանիքի տարվա միջոցառումների, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների ծրագրերը: Ժողովին կներկայացվի Մայր Աթոռ ս. Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը:

Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ  ԳՀԽ անդամներն աղոթել են նորոգ հանգուցյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի և Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ հոգելույս Տ. Համբարձում վարդապետ Քեշիշյանի հոգիների հանգստության համար:

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի  հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցել է, որպեսզի Տերն առաջնորդի ժողովականներին` արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:

Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների հետ հարաբերություններին, թեմերին, հայրապետական պատվիրակություններին և հովվական առաքելությանը վերաբերող հարցեր:

*

*