Մայորը՝ մտացածին ու իրական

...ուզում էի՝ տանը սպասող ունենար, ուզում էի՝ ուժ տվող ունենար:
axjik

Երկար էի սպասել կանգառում, արդեն մութ էր, ու շտապում էի: Նստեցի, ավելի շուտ՝ բարձրացա հասարակական տրանսպորտի համար շատ բնական ընդունվող կիսախարխուլ «Գազելը»: Վերջին նստարանին՝ հայացքը պատուհանին, զինվորական հագուստով տղամարդ էր նստած, ուսադիրը հուշեց՝ մայոր է: Տրամադրություն չունեի, բայց ժպտացի. զինվորականի տեսնելիս գրեթե միշտ անկախ ինձանից ժպտում եմ: Բայց ժպիտս երկար չտեւեց. մի ձեռքով հեռախոսն էր բռնել, իսկ մյուսը… հագուստի թեւքը դատարակ էր: Մի քանի րոպեում բազում իրական, ֆիլմերում տեսած եւ դեռ չեղած պատմություններ հիշեցի, հորինեցի, իրար հետ համադրեցի, բացառեցի եւ մեկ է՝ չգտա այն մեկը, որը կարող էր ճիշտ լինել: Ամեն ինչում դրականը փնտրելու սովորական մարդկային մղումով ինքս ինձ ասացի՝ լավ է, որ աջը կա, դժվար ձախլիկ լինի, հետո փորձեցի հիշել՝ ամուսնական մատանին որ ձեռքին են կրում. ուզում էի՝ տանը սպասող ունենար, ուզում էի՝ ուժ տվող ունենար:

Նայեց ինձ, հայացքս փախցրի. չէի ուզում մտածեր, թե ակնկալում եմ, որ տեղը պետք է զիջի: Քիչ էր մնացել, որ իջնեի, մեքենան արդեն կիսադատարկ էր, ու նստած էի: Երեւակայությունս դեռ իր գործն էր անում, սիրտս՝ տեղը չէր գտնում:

«Գազելը» կանգնեց կանգառում: Մայորը՝ աջ ձեռքում հեռախոսը, ձախում՝ մետաղադրամը, մոտեցավ վարորդին, վճարեց, իջավ ու գնաց: Այս անգամ ժպիտս երկար չանհետացավ դեմքիցս, ու չգիտեմ՝ ուրախությունից էի ժպտում, թե ինքս ինձ վրա էի ծիծաղում:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*