Գեղարքունիքում կա դպրոց, որն ունի 1 աշակերտ, ում վրա ծախսում ենք 19 մլն դրամ. ԿԳ նախարար

«Նա թերևս աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է»
arayik-harutyunyan

Գեղարքունիքի մարզում կա 1 դպրոց, որն ունի 1 աշակերտ, և որի վրա մենք ծախսում ենք տարեկան 19 մլն դրամ, նա թերևս աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է. Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում 2018թ.-ի կատարողականների քննարկմանն ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ընդ որում, այս աշակերտին բերել են լրիվ այլ մարզից, որ դպրոցը կարողանա պահել»,-ասաց նախարարը և նշեց, որ հիմա իրենք մարզպետի հետ քննարկում են, թե ինչպես լուծել հարցը: «Հիմա մենք քննարկումն ենք այն հարցը, որ եթե այս աշակերտը մնալու է, մենք կարող ենք նրան շքեղ մեքենա գնել, թանկարժեք վարորդ վարձել, ավելի էժան կնստի, քան այն, ինչպես մենք հիմա ֆինանսավորում ենք»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզային համայնքներում նման խնդիրը լուծելու տարբերակներ են քննարկվում, և թերևս ամենաարդյունավետը հարակից համայնքների աշակերտների միավորումն է: «Կան բազմահամակազմ դասարաններ, երբ հինգերորդ և վեցերորդ դասարանները միացված են մեկ դպրոցում և ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա են, պետք է աշխատենք, որ մեկ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները գնան մեկ դպրոց, նրանց դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները գան մյուս դպրոց»,-ասաց նա:

*

*