Մենք էլ մի քիչ անկեղծանանք

...գենդերային անհավասարությունից պետք է հենց տղամարդիկ բողոքեն
kangar-tsaxikner-marti82

Նորից մարտի 8 է՝ գարունն ավետող ու կանանց միամսյակն ազդարարող տոնը: Անթիվ-անհամար ու գույնզգույն շնորհավորանքներ՝ ամենուր և ինչքան ասես, շուրջբոլորը՝ ծաղիկներ, թարմություն, նրբագեղություն… Եվ որ ամենակարևորն է՝ շուրջդ իրենց լուսավոր ու ապրեցնող ժպիտներով զարդարող կանայք ու աղջիկներ:

Բայց, անկեղծ ասած՝ ժպիտն ու ուրախությունը կարծես թե պակասել են մեզանում՝ ինչքան ուզես խնդիրներ, հոգսեր ու մտածելու առիթ տվող ոչ այդքան դրական իրողություններ, ու կամա թե ակամա «ժպիտ» կոչվող այդ ապրեցնող երևույթը հաճախ ժլատ է գտնվում շռայլվելուց: Իսկ ովքե՞ր են հաճելիորեն մեզ՝ տղամարդկանց, նաև առօրյա գաղջից կտրելով օգնում անկեղծ ու ի սրտե ժպտալ ու հոգու ջերմություն զգալ՝ մեզ շրջապատող կանայք ու աղջիկները՝ մեր մայրերը, քույրերը, հարազատները, ընկերն ու գործընկերները: Որքան էլ ամենքս տարված լինենք մեր կենցաղային հոգսերով ու թոհուբոհով՝ երբեք չմոռանանք ու կարողանանք գնահատել այն ամբողջ գեղեցիկն ու նրբագեղը, որ շրջապատում է մեզ և հնարավորություն տալիս զգալ կյանքի քաղցրությունը, որովհետև մարդուն տրված ամենամեծ շնորհներից մեկը հենց գեղեցիկը գնահատելու կարողությունն է: Իգական սեռի ներկայացուցիչներին հիշելու, գնահատելու, մեծարելու ու նրանց դերն ու նշանակությունն այս կյանքում կարևորելու համար մեկ օրը կամ ամիսը շատ քիչ է թերևս: Նույնն է, թե արևի լույսն ու ջերմությունը գնահատես միայն մռայլ ու ցուրտ օրերին:

Ինչ առիթով ասես՝ բազմահարկ կենացներ ու սրտաբուխ մաղթանքներ ենք հնչեցնում սեղանի շուրջ նստած ու չնստած, որոնց կենտրոնում «երջանկություն» ու «ուրախություն» բառերն են: Իսկ արդյո՞ք այդ մաղթանքներն ի սրտե նաև գործով ենք ապացուցում ու կյանքի կոչում: Մեր մայրերի ու քույրերի, մեր կյանքում անփոխարինելի տեղ զբաղեցնող իգական սեռի ներկայացուցիչներին իրենց երջանիկ զգալու համար նրանց հանդեպ հարգանքը, գնահատանքը, ամենօրյա ուշադրությունն ու հոգատարությունն էլ արդեն իսկ բավարար են երջանիկ ու գնահատված զգալու համար:

Լավ, չասեք թե լիրիկական ստացվեց, անկեղծությունից լավ բան չկա, քանի առիթ կա՝ բացենք մեր հոգու դռները: Չնայած առանց հատուկ առիթների էլ այս հարցում արտահայտվելը շատ խրախուսելի կլիներ: Եվ սա միայն տղամարդկանց չի վերաբերում:

Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, գենդերային անհավասարությունից պետք չէ բողոքել, կամ ավելի ճիշտ՝ գենդերային անհավասարությունից պետք է հենց տղամարդիկ բողոքեն. տղամարդկանց միջազգային օրն էլ հո այսպիսի շուքով ու ոգևորությամբ չի՞ նշվում…

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*