«Շատ հեշտ է գնալ ասուլիսի, նստել, նեթբուքը դնել ծնկներին, գրել, ուղարկել նյութը: Դա լրագրություն չէ». Մարկ Գրիգորյան

«Ոմանք սկսում են հարբեցողությամբ զբաղվել, ոմանք՝ թողնում են մասնագիտությունը, ոմանք էլ...»
mark-grigoryan2

«Արմենպրես»-ի «Նոթատետր» նոր նախագծի հերոսները հայաստանյան ժամանակակից լրագրության երևելի ներկայացուցիչներն են: Մարդիկ, ովքեր նոթատետրն իրենց ձեռքին տարիներ շարունակ կատարում են կարևորագույն առաքելություն՝ հաղորդում են ճշմարիտ, կարևոր, արդիական տեղեկատվություն, հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են առաջ քաշում, լուծումներ փնտրում:

Առաջին հյուրը Hellman/Hammett լրագրողական ամենամյա մրցանակի դափնեկիր, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն լրագրող Մարկ Գրիգորյանն է։ Ներկայացնում ենք հատվածներ՝ նրա հետ կայացած զրույցից։

…Լրագրողը պետք է լինի հետաքրքրասեր և շարժուն: Այսինքն՝ լրագրողը պետք է անընդհատ պատրաստ լինի արագ հավաքվել ու գնալ անհայտ ուղղությամբ:

…Երևանում իմ դեմ մահափորձ կատարվեց: Երբ ես մի քիչ ուշքի եկա, մի շատ բարձր պաշտոնյա ինձ մոտ եկավ և ասաց. «Պարոն Գրիգորյան, մենք չենք կարող երաշխավորել ձեր անվտանգությունը Հայաստանում»: Այդ նախադասությունից հետո դու պիտի ամեն ինչ հավաքես և գնաս: Ես գնացի անծանոթ երկիր, անծանոթ միջավայր: Անգամ չգիտեի՝ աղբը որտեղ են թափում: Երբ վարձեցի իմ առաջին բնակարանը, չունեի գդալ և պատառաքաղ: Ես այստեղից գնացի մեկ ճամպրուկով: Եվ վերջ: Ես միշտ այս քայլն ընկալել եմ որպես որոշում, որն ինձնից չէր կախված: Միշտ մտածել եմ վերադառնալու մասին: Եկավ մի օր, երբ կարողացա վերադառնալ:

…BBC-ն անչափ մեծ դպրոց է: Այնտեղ կյանքն այնպես է, որ պետք է ամեն օր ինչ-որ բան անես, ինչ-որ բան սովորես: Եթե չարեցիր, չսովորեցիր, նշանակում է ոչ միայն օրդ է կորած, դու ես ետ մնում բոլորից: Մի բան, որ, ցավոք, այստեղ պակասում է:

…Մենք՝ լրագրողներս, խոսում ենք ամբողջ աշխարհում տեղի ունեցող ամենավատ իրադարձությունների մասին: Եվ այդ ամեն ինչն անպայման ազդում է մեզ վրա: Ինչքան ավելի շատ ես աշխատում որպես լրագրող, այնքան ավելի շատ բան ես տեսնում: Ինչքան շատ բան ես տեսնում, այնքան ավելի ծանր ու թանձր է այն նստվածքը, որ մնում է քո հոգում: Տարբեր լրագրողներ տարբեր հոգեբանական հնարքների են դիմում՝ նստվածքը չեզոքացնելու համար: Ոմանք սկսում են հարբեցողությամբ զբաղվել, ոմանք՝ թողնում են մասնագիտությունը, ոմանք էլ ներփակվում են իրենց փոքրիկ աշխարհում: Եվ քչերն են, որ գիտակցելով այդ ամենը, շարունակում են գիտակցաբար աշխատել որպես լրագրող: Ես խոնարհվում եմ նրանց առջև:

… Շատ հեշտ է գնալ ասուլիսի, նստել, նեթբուքը դնել ծնկներին, գրել, ուղարկել նյութը: Դա լրագրություն չէ: Մենք պիտի կարողանանք ինչ-որ բան անել դրանից բացի: Լրագրությունը պետք է կարողանա արժեք ստեղծել: …Մենք կարող ենք ինչ-որ խնդիր բացահայտելով՝ ինչ-որ մարդու օգնել, ազատել բանտից: Կամ ինչ-որ հանցագործի պատժելու պայմաններ ստեղծել: Մենք հասարակական արժեքներ ենք ստեղծում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները