82 տարվա մանկավարժ տիկին Տոնոյանը նշեց իր 100-ամյա հոբելյանը

1938 թվականից նա աշխատում էր Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում
mariam-tonoyan

Պ.Ի. Չայկովսկու անվան դպրոց հարմոնիայի ուսուցչուհի Մարիամ Տոնոյանը նշեց իր 100-ամյակը:

Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը շնորհավորեց տիկին Տոնոյանին և ընդգծեց, որ նման հրաշք տեղի է ունենում 100 տարին մեկ անգամ:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով ՀՀ նախագահի անունից «Երախտագիտության մեդալ» հանձնեց տիկին Տոնոյանին:

Նախարարի խոսքով` այսպիսի առիթներ քիչ են լինում և դրանով այսպիսի  միջոցառումներն ավելի նշանավոր են դառնում:

1938 թվականից Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում աշխատող տիկին Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նախարարին և  ընդգծեց, որ ինքն իր կյանքից միշտ գոհ է եղել: Նա շեշտեց, որ երկու օրից սկսվում է դպրոցական ուսումնական տարին, և ինքը կշարունակի իր սովորական աշխատանքը:

«Միշտ ասել եմ, որ եթե ոտքով և ձեռքով ես և խելքդ տեղն է` նշանակում է դու մարդ ես: Վե՛րջ:  Ունեմ թոռներ, ծոռներ, կոռներ, և բոլորը ինձ հարգանքով են վերաբերվում: Այնպես որ, ես շատ երես առած կին եմ եղել: Հիմա էլ դպրոցում են բոլորը սիրում ինձ: Բոլորիդ շատ շնորհակալ եմ և իմ երախտագիտությունն եմ հայտնում «Երախտագիտության մեդալ» ստանալու համար»,- ասաց տիկին Տոնոյանը:

*

*