«Չկա այնպիսի Հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության քաղաքականությունը». Մարգարիտա Գրիգորյան

«Հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել և կատարել է իր աշխատանքն առանց անօրինականությունների»
margarita-grigoryan

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների գործով հարուցված քրեական գործը չի որակում որպես չարաշահում, թեև հարուցված գործ կա:  Yerkir.am-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց.

«Եթե դուք բացեք Քրեական օրենսգիրքը և տեսնեք, որ կա քրեական գործ՝ հարուցված փաստի առիթով, դա չի նշանակում, որ քրեական գործ է հարուցվել Հանրային հեռուստաընկերության նկատմամբ: Հարուցվել է փաստի առիթով, որտեղ բերված է երեք կետ, և դա հիմա քննության ընթացքում է: Երբ քննությունն ավարտվի, ինչպես ես, այնպես էլ դուք դրա պատասխանները կիմանանք:  Ես վստահ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել և կատարել է իր աշխատանքն առանց անօրինականությունների»:

Հարցին` դա կարո՞ղ է հանգեցնել պաշտոնանկությունների, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց, որ պաշտոնանկություններ միշտ են հնարավոր` յուրաքանչյուր ոլորտում: «Ինչ վերաբերում է իմ ենթակայության տակ աշխատող մարդկանց, ապա նման որոշում չկա, բոլորն աշխատում են շատ լավ, արդյունավետ, և մենք որոշակի օպտիմալացումներ ենք ունեցել, որոշակի հետաքրքրիր կառուցվածքային առաջխաղացումներ ենք ունեցել, այնպես որ` նման ինֆորմացիա չունեմ, եթե լինի, առաջինը դուք կիմանաք»,- ասաց նա:

Դիտարկմանը`  թեև փոխվել են լրատվական թողարկումների անունները, բայց բոլոր ժամանակներում ընդդիմությունը բողոքում է Հանրայինի լրատվական թողարկումից, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Երբևէ որևէ պարագայում և որևէ երկրում չկա այնպիսի հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը: Հանրայինը մնում է պետական պաշտոնական հաղորդագրության կրողը»:

Ըստ նրա` մենեջմենթի առումով Հանրային հեռուստառադիոընկերությունը բարելավվել է: Նա նշեց, որ ընդդիմությունը միշտ կարող է դժգոհել, բայց այլ կարևոր հարց էլ կա: «Իսկ ինչպե՞ս անենք, որ ընդդիմությունից մեզ մոտ հյուր լինեն եթերում, օրերով խնդրում ենք, բայց մի շարք հաղորդումներ մնում են հենց այդպես, որովհետև կողմ չենք ունենում»,- հավելեց Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ էր բողոքում եթեր չտրամադրելու վերաբերյալ, նա արձագանքեց, որ իրենք պատգամավորին մի քանի անգամ հրավիրել են «Խաղի կանոններ» հաղորդմանը, որից հրաժարվել է, ընդ որում՝ նա ևս հեղինակել է դեբատների հաղորդում: Գրիգորյանը հայտնեց, որ Աշոտյանը ցանկություն է հայտնել լինել հարցազրույցի ֆորմատում, չեն հրավիրել, քանի որ մեկ հաղորդում ունեն և մյուսի ավելացման դեպքում արդեն կհրավիրեն:

*

*