2016թ-ի մարդասիրության բացառիկ դրսեւորումները

Բարեբախտաբար, կան մարդիկ, որոնք իրենց ժամանակը, տաղանդը, ուշադրությունը, գումարը, սերը, հոգատարությունն ու անգամ կյանքն են տալիս:

Ծրագրեր, պայմանագրեր, միջպետական համագործակցություններ, մեծ ու փոքր նախաձեռնություններ. բոլորը մարդու բարեկեցության ու երջանկության համար: Աշխարհում ամենաշատն այս միտքն է պտտվում՝ անգամ պատերազմներում…
Այդուհանդերձ, մարդն ամենաշատն օգնության, կարեկցանքի, ուշադրության, հույսի, մարդու պակասն է զգում: Բարեբախտաբար, կան մարդիկ, որոնք իրենց ժամանակը, տաղանդը, ուշադրությունը, գումարը, սերը, հոգատարությունն ու անգամ կյանքն են տալիս:

Մարդը, մարդու համար: 2016-ի մարդասիրության բացառիկ դրսեւորումները:

***

«Ընկեր Ստեփանյան» դիմելաձեւին Արան սկզբում անմիջապես չէր արձագանքում՝ անսովոր էր: Հիմա նույնիսկ հարզատներն են ընկերով ու ազգանունով դիմում: Պատմաբան է, աշխատել է տարբեր ոլորտներում: Բայց, ասում է, աշխատանքից բավարարավածություն էր փնտրում: Փնտրտուքները բերեցին Արմավիրի մարզ՝ Արաքս գյուղ:

«Չէի ասի, որ ես կուզենայի Երեւանում լինել, ես կուզեի էստեղ լինել: Ես ինձ էստեղ շատ լավ եմ զգում»,- ասում է Արա Ստեփանյանը:

Արարատում ապրող ընտանիքը, Երեւանում մնացած ընկերները, ու առավել եւս Արաքսի բնակիչները չէին հասկանում՝ հանուն ինչի՞ է 27-ամյա երիտասարդը թողել աշխատանքն ու հարմարավետ կյանքը, տեղափոխվել գյուղ՝ ուսուցչության:

«Ինձ ոգեւորողն այս երեխաներն են, այն որ առավոտյան արթնանում եմ, ինչքան էլ խնդիր ունենամ տանը՝ ջրի, գազի հետ, հոգնած լինեմ, էդ ամեն ինչը հաղթահարվում է զուտ այն մտայնությամբ, որ ես գնում եմ էսօր դաս տալու եւ կուզենամ, որ երեխաները ստանան առավելագույնս շատ, ստանան հույս, դրական էմոցիաներ, ժպիտ»,- խոստովանում է երիտասարդ ուսուցիչը:

Արան մեկն է այն երիտասարդներից, որոնք վերապատրաստվելով ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ տեղափոխվել են Հայաստանի տարբեր համայնքներ: Այստեղ մանկավարժների թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: «Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներն ու մասնակիցները հավատում են, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ ապրելու վայրից, պետք է հնարավորություն ունենա ստանալ այնպիսի կրթություն, որը կբացահայտի իր ներուժն ու հույս կներշնչի ապագայի հանդեպ:

Արան դասավանդում է Հայոց, Համաշխարհային եւ Հայ եկեղեցու պատմություն: Դասերից հետո տուն չի շտապում: Աշակերտներին տալու շատ բան ունի: Դպրոցում 3 խմբակ է վարում՝ պատմության, գերմաներենի եւ կյանքի հմտությունների: Դժվարությունները հաղթահարել ու հաղթահարում է՝ սիրելով:

 

***

Երկաթե ցածր բեմ, դպրոցական աթոռին՝ դաշնամուրի առջեւ, վագոններով ու խարխուլ տնակներով շրջապատված… Միջավայրը համերգային չէ, իսկ ապրելն այս պայմաններում անհնարին է թվում: Աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը Գյումրու մոռացված թաղամասը լցրեց երաժշտությամբ: Մարդկանց հայացքներն ուղղեց 28 տարի տնակներում բնակվող 3.000 ընտանիքներին: Տիգրան Համասյանը միացավ 13 անօթեւանների համար բնակարան գնելու՝ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանը: Մինչեւ 1999 թվականը Գյումրիում ապրած երաժիշտն ասաց՝ այս կերպ հավատարիմ է մնում ինքն իրեն, ու չեն բավարարվելու 13 բնակարանով՝ սպասելով եւս 30 տարի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Լուսինե Ղարիբյան

*

*