Հուլիսի 29-ի շաբաթօրյակին մարզերը կունենան մաքրման ենթակա տարածքների քարտեզները

Մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
maqur-hayastan

Հուլիսի 29-ին կայանալիք երկրորդ համապետական շաբաթօրյակին ընդառաջ կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում  հանդիպում է տեղի ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի մարզային ներկայացուցիչների հետ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը ներկայացրել է  ծրագրի ընթացքի մասին տեղեկատվություն, քննարկվել են հուլիսի 29-ի շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները:

Ըստ այդմ՝  ստեղծվելու են  շաբաթօրյակի քարտեզները՝ ըստ համայնքների, սահմանազատվելու են  մաքրման ենթակա տարածքները: Վ. Տերտերյանը նշել է, որ յուրաքանչյուր մարզի համար  պետք է գույքագրել առկա տեխնիկական միջոցները, ապահովել համայնքներում աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում` մասնագիտացված բեռնատար մեքենաների ներգրավվածությունը նշված աշխատանքներում:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր, իսկ մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:

Հատուկ ստեղծված  http://map.transproject.am/ կայք-էջում  տարբեր երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս ս.թ. ապրիլին ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:

Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

*

*