2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր։
Մասնագիտական օրվա կապակցության սոցիալական աշխատողներին ուղերձ է հղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։
«Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում մարդն է, իսկ նպատակը՝ մարդու կյանքի որակի բարելավումը: Սոցիալական աշխատանքը լոկ մասնագիտություն չէ, այն կենսաձև է, համբերատարություն պահանջող ամենօրյա աշխատանք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման և զարգացման գործընթացն առավել որակյալ, կանոնակարգված, հասցեական ու նպատակային դարձնելը:
Սիրելի սոցիալական աշխատողներ, դուք մեր պետության այն ներկայացուցիչներն եք, ում նկատմամբ վստահությունը ձևավորում է նաև վստահություն մեր պետության, սոցիալական պաշտպանության և վաղվա օրվա նկատմամբ»,-մասնավորապես ասված է ուղերձում։