Ինչպե՞ս է քաղաքացին ամեն ամիս փակում 100 հազար դրամ վարկ, երբ նա նպաստառու է. Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը մտահոգություն է հայտնել...
mane-tandilyan

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մտահոգություն է հայտնել նպաստների համակարգում առկա թերությունների վերաբերյալ: Թանդիլյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսաուղերձում նշել է, որ ներկայումս նպաստների համակարգը մեծ հաշվով չի ծառայում իր նպատակին:

Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը: Թանդիլյանի խոսքով` նպաստ ստացողների 12-ից 15 տոկոսը ոչ հասցեական նպաստառուներ են:

«Սա ամենևին չի նշանակում, որ կա օրենքի խախտում: Սա նշանակում է, որ այս քաղաքացիները նպաստները ստանում են՝ ապահովելով այն տեղեկատվությունը, որն իրենցից ակնկալվում է: Բայց որքանով են այդ նպաստները հասցեական, որքանով այդ հարգարժան քաղաքացիները ունեն նպաստի կարիք: Օրինակ` երբ մենք ստանում ենք վարկային պատմության, ավանդի մասին տեղեկանք, մենք իմանում ենք, որ քաղաքացին ունի 16 միլիոն դրամ վարկ և նա ամեն ամիս փակում է 100 հազար դրամ իր վարկի համար: Եվ այդ  քաղաքացին ստանում է  ամեն ամիս 18 հազար դրամ նպաստ: Ինչպես եք կարծում՝ պետության, կառավարության և մեր նախարարության համար գոնե հարց չպետք է առաջանա,  թե ինչպես է քաղաքացին ի վերջո կարողանում ամեն ամիս փակել 100 հազար դրամ վարկ, երբ նա նպաստառու է և ստանում է պետությունից 18 հազար դրամ»,- ասաց Թանդիլյանը:

Թանդիլյանը նշեց, որ 15 տոկոս ոչ հասցեական նպաստների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ դա նպաստի բյուջեի 20 տոկոսն է:

«Դա նշանակում է, որ հարկատուի վճարած գումարները չեն ծախսվում հասցեական, ինչն ինձ համար անթույլատրելի է»,- ընդգծեց Թանդիլյանը:

Նախարարը նշեց, որ համակարգը հստակեցնելու, պարզեցնելու կարիք ունի, և նախարարության նպատակն է համակարգը բաց և հասցեական դարձնելը:

*

*