ՄԱԿ-ը Հայաստան է բերում հագուստի և կոշիկի արտադրության միջազգային ստանդարտները

Հայաստանում այս ոլորտը մեծ ներուժ ունի և զարգացման հեռանկար:
hagust

ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությունը հավակնոտ ծրագիր է սկսել` Հայաստանին տրամադրելով 2 միլիոն դոլար տեքստիլի և կոշկագործության ոլորտը զարգացնելու համար: ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության ծրագրի խմբի ղեկավար Անիտա Տրավիանի խոսքով` Հայաստանում այս ոլորտը մեծ ներուժ ունի և զարգացման հեռանկար:

Հայաստանում տեքստիլի և կոշկագործության ոլորտը զարգացնելու համար նախատեսվում է բացել կենտրոն, որը ոչ միայն կրթական նպատակ է ունենալու, այլ նաև ծառայություններ է մատուցելու:

«Մեր նպատակն է լինելու Հայաստանում զարգացնել տեքստիլի և կոշկագործության ոլորտը, որի հիմքը լինելու է միջազգային փորձը: Կենտրոնում հայ արտադրողներին կսովորեցնեն, թե ինչպես եվրոպական չափանիշներին համապատասխան կոշիկ կարել: Սա երկարաժամկետ գործընթաց է, սակայն միակ ճանապարհն է, որպեսզի Հայաստանը կարողանա պատրաստի այն չափանիշների կոշիկ, որն ընդունելի կլինի եվրոպական շուկայում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Տրավիանին:

Կենտրոնը կմատուցի հագուստի և կոշիկի արտադրության պլանավորման և արտահանման խթանման, ֆինանսական կառավարման, հմտությունների զարգացման ծառայությունները:

Կենտրոնում կներդրվեն հատուկ սարքավորումներ, որոնցից կօգտվեն կոշիկ արտադրող ընկերությունները, ինչը նույնպես կարող է նպաստել ոլորտի զարգացմանը:

Կենտրոնը նախատեսվում է բացել 2017 թ-ի սեպտեմբերին:

*

*