Երկրի բնակչության թիվը հասել Է 7,7 միլիարդի. ՄԱԿ

Մինչեւ 2050 թվականը կհասնի 9,7 միլիարդի․․․
bnakchutyun

Երկրի բնակչության թվաքանակը 2019 թվականին կազմել է 7,7 միլիարդ, իսկ մինչեւ 2050 թվականը կհասնի 9,7 միլիարդի: Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում:

Թվաքանակի աճն ուղեկցվում է բնակչության ծերացմամբ, ծնելիության մակարդակի նվազմամբ, ինչպես նաեւ սրընթաց ուրբանիզացիայով:

Այժմ աշխարհում ծնելիության միջին մակարդակը մեկ կնոջ հաշվով 2,5 երեխա Է, իսկ 2030 թվականին այն կկազմի 2,4:

Ինչ վերաբերում է 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց, ապա բնակչության ընդհանուր թվաքանակում նրանց բաժինը կաճի: Այժմ նրանք 19 տոկոս են կազմում Եվրոպայում եւ 16 տոկոս՝ Հյուսիսային Ամերիկայում, իսկ 2050 թվականին այդ ցուցանիշները կավելանան մինչեւ 28 տոկոս եւ 23 տոկոս՝ համապատասխանաբար: Սպասվում Է, որ այդ ժամանակաշրջանում Ասիայում, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում տարեց մարդկանց բաժինը ներկայիս 8 տոկոսից կավելանա մինչեւ 18 տոկոս: Աֆրիկայում, որտեղ այսօրվա դրությամբ ամենաերիտասարդ բնակչությունն է, 2050 թվականին տարեցների բաժինը կկազմի 9 տոկոս:

ՄԱԿ-ում նշում են, որ վերջին 25 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում զգալիորեն բարձրացել է բնակչության բարեկեցության մակարդակը: Զգալիորեն կրճատվել է այն մարդկանց թիվը, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, 40 տոկոսով նվազել են մայրական մահացության մասշտաբները, էականորեն ավելացել Է կյանքի տեւողությունը:

Կյանքի սպասվող տեւողությունն ամբողջ աշխարհում 1994 թվականի 64,9 տարվանից 2019 թվականին ավելացել Է մինչեւ 72,3 տարի, իսկ 2030 թվականին կավելանա եւս մոտավորապես երկու տարով:

*

*