«Թշնամին ճողոպրում է ուժ տեսնելիս եւ լռում, քանի դեռ նոր ուժ չի հավաքել»,- ասում է մայոր Գրիգորյանը — Երկիր Մեդիա

«Թշնամին ճողոպրում է ուժ տեսնելիս եւ լռում, քանի դեռ նոր ուժ չի հավաքել»,- ասում է մայոր Գրիգորյանը

Գառնիկ Գրիգորյանը Մարտակերտում տեղակայված N զորամասի 2-րդ գումարտակի շտաբի պետն է:
sahman

Գառնիկ Գրիգորյանը Մարտակերտում տեղակայված N զորամասի 2-րդ գումարտակի շտաբի պետն է՝ մայորի զինվորական կոչումով եւ, բնականաբար, այս տարվա ապրիլյան հերոսամարտերի մասնակիցը, թշնամուն մեր սահմաններից հետ շպրտած քաջամարտիկներից մեկը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, որը տեղի ունեցավ թիվ 116 մարտական հենակետում՝ ապրիլյան հերոսամարտի վայրերից մեկում, Հայոց բանակի սպան կարծիք հայտնեց, որ թշնամու լռությունն այսօր առավելապես կապված է հայ զինվորի ցուցադրած ոգեղեն ուժի, հերոսական մաքառման հետ, որքան էլ որ մեծ դեր ունենան քաղաքական գործընթացները:

«Ես ինը տարի ծառայությունս անցկացրել եմ սահմանապահ մարտական հենակետերում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչեւ գումարտակի շտաբի պետի պաշտոնին: Այդ ընթացքում շատ անգամ է եղել, երբ առնչվել եմ թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցումների փորձը հետ մղելուն, նրա հետ բախվելուն, որոնց գումարվեցին նաեւ ապրիլյան հերոսամարտերը:

Այդ տարիներին, որքան հասցրել եմ ճանաչել թշնամուն, հասկացել եմ, որ նա ճողոպրում է ուժ տեսնելիս եւ լռում, քանի դեռ նոր ուժ չի հավաքել: Ես այդ ողջ ընթացքում տեսել եմ միայն մեր առջեւից փախչող թշնամուն, դեռեւս նրան դեմառդեմ, ամուր կանգնած չեմ տեսել: Այս պատերազմում, հաշվարկելով իր քանակական ու զինտեխնիկայի առավելությունները, թշնամին կանխատեսել էր մեր բանակի կայծակնային պարտությունը: Բայց այն, ինչ նրան ցույց տվեց հայ զինվորը, վեր էր ամեն երեւակայությունից: Այդ ոգու առաջ է հակառակորդն ընկրկել, այդ ոգու նոր զարկերից է նա սարսափած:

Ոհմակի նման նա գրոհեց, բայց մեր 18-20 տարեկան զինվորներից սոսկալի ջարդ կերած՝ հետ փախավ: Իսկ մենք շարունակումն ենք ամուր մնալ մեր դիրքերում: Այսուհետև էլ պատրաստ ենք լինելու ցանկացած գրոհը հետ մղելուն, հարկ եղած դեպքում՝ իր իսկ որջում նրան ծնկի բերելուն»-նշեց Գառնիկ Գրիգորյանը:

*

*