Մահացողին պիցցա պետք չէ

Ու մենք չենք հարցնի, թե մեր հարազատը կցանկանա՞ արդյոք ֆիլմ նայել մեզ հետ: Չէ՞ որ ֆիլմը շատ անձնական է:
axjik (1)

Կըտ, կըտ, կըտ… Երբ տրամադրություն չես ունենում, որքա՜ն շատ է ամեն մանրուք նյարդայնացնում քեզ. հատկապես երթուղայինում կիպ նստած աղջկա հեռախոսի ստեղնաշարի կտկտոցը: Մինչ մի ականջդ ընտելանում է այդ ձայնին, մյուս ականջիդ մոտ ինչ-որ մեկի հեռախոսը կես րոպեն մեկ «ավետում է» նոր նամակի մասին: Ու ամեն ավետաբեր զանգից մտքիդ թռիչքը կտրվում է, իսկ կողքիդ աղջկա դեմքին՝ ժպիտ առաջանում: Բայց չէ՞ որ քեզ համար էլ է այդ ձայնը «ժպտացնող» եղել, իսկ որքա՞ն է տեւում տեխնիկայի միջոցով փոխանցվող ժպիտն ու ջերմությունը: Եվ վերջապես, միթե՞ աջ եւ ձախ կողմերում նստածները չեն նկատում, որ քո ներաշխարհը փլուզվում է: Չնայած… մենք նկատո՞ւմ ենք մյուսների տխրությունը: Ապրում ենք երեւակայական աշխարհում, երեւակայական ընկերներով ու զրույցներով: Գիտենք՝ այսօր ով ինչ նոր զգեստ է հագել, ինչ նոր սրճարանում, ինչ նոր քաղցրավենիք համտեսել: Իսկ նկատե՞լ ենք մեր ընտանիքի անդամն առավոտյան ինչ հագուստով էր: Իսկ հարցրե՞լ ենք՝ սնվե՞լ է, թե՞ ոչ:  Բնականաբար առավոտյան չենք հասցրել. աշխատանքի էինք շտապում: Իսկ երեկոյա՞ն: Տան ճանապարհին եսասերի պես մտածում ենք՝ տեսնես մեր հարազատն ինչ է պատրաստել, տեսնես մեր սիրելի ուտելի՞քն է, թե՞ ոչ: Հետո համապատասխանաբար տրամադրությունը բարձրանում է կամ ընկնում: Իսկ հարցնո՞ւմ ենք, թե նա ինչ է կերել, կամ ինչ կուզեր, որ անեինք իր համար: Երբ ստամոքսն արդեն բավարարված է, մենք շատ հոգնած ենք, մեզ զայրացրել են, նեղացրել, կոտրել՝ չենք ուզում հարցերի պատասխանել, չենք ուզում զրուցել այն մեկի հետ, ով առավոտից այդ զրույցին է սպասել: Ժամանակն է սենյակում փակվելու, ավետաբեր զանգեր ստանալու, կամ էլ  օգնության կհասնեն ականջակալներն ու ֆիլմը: Ու մենք չենք հարցնի, թե մեր հարազատը կցանկանա՞ արդյոք ֆիլմ նայել մեզ հետ: Չէ՞ որ ֆիլմը շատ անձնական է: Ու հետո կարգն է այդպիսին. ամեն մեկն ինքն իրեն է զբաղեցնում:

Հիմա, երբ նա մահամերձ է, երբեմնի ավետաբեր զանգերն ու հեռախոսը մեզ չեն ջերմացնում: Իսկ հիշողության պահոցում որքա՜ն ջերմացնող  հուշեր կան, եւ դրանց ջերմությունն է, որ անսպառ է: Մեզ շատ ջերմություն են տվել, իսկ մե՞նք…

Եվ ուզում ենք արդեն շատ բան հասցնել, չարաբաստիկ-դանդաղաշարժ երթուղայինը թո՛ղ արագ ընթանա, շուտ ազատվենք նյարդայնացնող հեռախոսների ձայներից: Պետք է հասնել մահամերձ հարազատին, իմանալ ինչպես է ու պատմել՝ ինչպես է օրն անցել, ասել, որ դրսում հիասքանչ եղանակ է: Ու հիշել, որ նա ժողովրդական երգեր էր սիրում, միացնել ու սկսել հարցեր տալ այդ երգերից, այնպիսի հարցեր, որոնց պատասխանները շատ ենք լսել, բայց հիմա պետք է, որ նա խոսի, մի բան ասի: Ու պետք է եթե ոչ բառերով, ապա գոնե արարքներով ապացուցել, որ սիրում ենք իրեն,  որ շատ բաների համար ենք զղջում: Մի պահ կհիշենք, որ մեր հարազատը շատ էր սիրում տան մոտակա սրճարանում պատրաստվող պիցցան: Այդպես էլ կանենք. ճանապարհին սրճարանից պիցցա կգնենք: Իսկ մահացողն այլեւս ուժ չունի մեզ լսելու, ու  մահացողին պիցցա պետք չէ:

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*