«Լույս» խմբակցության անդամները ահազանգում են

Նրանք այցելել են թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող համայնքային կազմակերպություն:
taparogh-kendaniner

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը եւ Թեհմինա Վարդանյանն այցելել են Երեւանի քաղաքապետարանի կողմից ստեղծված թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն: Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան ուղիղ եթերով, տեղեկացնելով, որ տարբեր կենդանասերներ են խնդրել այցելել այնտեղ եւ ծանոթանալ պայմաններին:

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի խոսքով՝ սենյակներում ոչ մի ստանդարտ պահված չէ: Թեհմինա Վարդանյանն էլ նշել է, որ նախասրաhում տեղադրված է մի քանի վանդակ, մի վանդակի մեջ 3-4 կենդանի է խցկված, վիրահատարանի պայմանները խայտառակ են, ոչ մի սանիտարական նորմեր չի պահպանվում, սառնարան չկա:

Ավագանու անդամի խոսքով՝ նախկինում այցելել են «Յունիգրաֆ-Իքս» ընկերություն, որտեղ պայմանները մի քանի անգամ ավելի լավն էին: Անի Խաչատրյանն էլ հավելել է, որ կարանտինի սենյակ չկա, դեղերի պահման պահարան էլ դեռ չեն տեսել:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2018 թվականի օգոստոսին միակողմանի լուծարել էր թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հետ կնքված պայմանագիրը, իսկ քաղաքապետարանի ստեղծած Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող կազմակերպությունը սկսել է աշխատանքը 2019 թվականի մարտին: Այս կազմակերպությանը քաղաքապետարանը հատկացրել է 149 միլիոն դրամ: 

*

*