«Ես չեմ պատկերացնում՝ սրանից լավ հանգիստ որտեղ կարող ենք գտնել»․ նախագահը Լոռի բերդում էր

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ նախագահի պաշտոնում առաջին անգամ է Լոռի այցելում

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում: Հանրապետության նախագահը շրջել է բերդաքաղաքի տարածքում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար:

Լլրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ թեև նախագահի պաշտոնում առաջին անգամ է Լոռի այցելում, բայց հատկապես ուսանողական տարիներին այն եղել է իր սիրած վայրերից մեկը, ուր հաճախ է եղել։
Նա բերդը շատ տպավորիչ է համարել ոչ միայն որպես պատմական արժեք, այլև որպես յուրօրինակ ու գեղեցիկ հանգստի գոտի՝ նշելով. «Ես չեմ պատկերացնում՝ սրանից լավ հանգիստ որտեղ կարող ենք գտնել»։ Նախագահի խոսքով՝ այդ հուշարձանը ոչ միայն հսկայական պատմական, այլև  տնտեսական արժեք է և պարզապես տուրիստական գանձ։ Այստեղ հնարավոր է թե′ պատմական տուրիզմ զարգացնել, թե′ մշակութային միջոցառումներ կազմակերպել։

*

*