Ֆրանցիսկոս պապը վերջին պահին է որոշել արտասանել «Ցեղասպանություն» եզրույթը. Լոմբարդի

Մենք պետք է միշտ հիշենք անցյալը, որպեսզի նոր պատերազմներ չբռնկվեն, մենք պետք է դասեր քաղենք անցյալից
 Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրոք պլանավորել է ՀՀ նախագահական նստավայրում արտաբերել Մեծ եղեռն եզրույթը, սակայն ելույթի ընթացքում փոխել է որոշումն ու արտասանել Ցեղասպանություն բառը: Երևանի մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման այս մասին ասաց Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ նախօրոք լրատվամիջոցներին բաժանած ելույթի տեքստում եղել է Մեծ եղեռն եզրույթը, իսկ պապը ելույթի ժամանակ օգտագործել է Ցեղասպանություն բառը: «Պապը հաստատել էր բոլոր տեքստերը, նա ասել էր՝ սա է այն տեքստը, որ ես պատրաստվում եմ արտասանել: Մենք ձեզ միշտ բաժանել ենք նրա ելույթների տեքստերը, բայց ասել ենք, որ պապը միշտ էլ կարող է վերջին վայրկյանին անգամ փոխել տեքստը: Մենք տալիս ենք ձեզ տեքստը և հորդորում ենք ուշադիր լինել, քանի որ նա կարող է ամեն պահի անակնկալ մատուցել: Այս անգամ էլ պապը որոշել էր ավելացնել այդ բառը»,-  պարզաբանեց Լոմբարդին:
 
Դիտարկմանը՝ Վատիկանը Թուրքիայի կողմից նոր քայլերի սպասո՞ւմ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի, երբ Հռոմի պապը կրկին խոսել էր Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին, Լոմբարդին պատասխանեց. «Ես չեմ կարող Թուրքիայի փոխարեն խոսել: Ես կարող եմ ասել այն, ինչ ասել է պապը, իսկ պապը միշտ խոսում է խաղաղության և հաշտության ոճով տարբեր ազգերի մշակույթների միջև: Այս ուղևորության ընթացքում ևս նա այդ ոգով է արտահայտվել և հենց այդպես էլ շարունակելու է: Ես կարծում եմ, որ կան շատ հայեր և թուրքեր, որ լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ: Մենք պետք է միշտ հիշենք անցյալը, որպեսզի նոր պատերազմներ չբռնկվեն, մենք պետք է դասեր քաղենք անցյալից, ինչը մեզ թույլ կտա խուսափել դրանց կրկնությունից, սա այն է, ինչ ասել է պապը: Շատերը դեռ չեն հասկացել անցյալի դասերը: Մենք պետք է հիշենք այս ամենը միայն հանուն խաղաղության, այլ ոչ թե նոր կոնֆլիկտներ բացելու համար, սա պետք է անհերքելի լինի»:
 
Լոմբարդին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հռոմի պապը ոչ միայն ևս մեկ անգամ արտասանել է Ցեղասպանություն բառը, այլ ընդգծել է, որ հայերի Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ողբերգությունն է, աղետը: «Պապն ասաց, որ այդ ողբերգությունը գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Ահա սա նկարագիրն է նրա, թե ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը»,- եզրափակեց Լոմբարդին:
 

*

*