Ամուլսարում հետազոտություն կիրականացնի ELARD միջազգային ընկերությունը

Հետազոտության մեկնարկի ժամկետները հստակեցված չեն
Lidian-armenia2

«Լիդիան Արմենիա»-ն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից պաշտոնապես տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ դիտավորությամբ թաքցնելու ենթադրյալ փաստի վերաբերյալ հարցուցված քրեական գործի շրջանակներում ընտրվել է ELARD միջազգային խորհրդատվական ընկերությունը. ընկերությունն  ուսումնասիրելու է «Լիդիան»-ի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերում ներառված հետազոտությունները  և պարզելու է Ամուլսարի ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունների առկայության հավանականությունը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը։ Այս մասին հայտնում են «Լիդիան Արմենիա» ընկերությունից.

ELARD ընկերության հետ պայմանագիրը, սակայն, պետք է կնքվի պետական ֆինանսավորմամբ և հետազոտության սկզբի ժամկետները դեռևս հայտարարված չեն: Հետզոտությունը նախատեսվում է իրականացնել մինչև 12 շաբաթվա ընթացքում:

ELARD ընկերության տեխնիկական հանձնարարության մեջ ներառվում է.

  1.  Ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում,
  2. Երկրաբանության վրա ազդեցության գնահատում,
  3. Կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում,
  4. Օդի որակի վրա ազդեցության գնահատում,
  5. Համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված տեխնիկական հարցերի օբյեկտիվ պարզաբանում:

««Լիդիան»-ը  վստահ է, որ հետազոտությունը կհաստատի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստթղթերի լիարժեք արժանահավատությունը և որ «Լիդիանի» ներկայացրած այս փաստաթղթերը կարող են օրինակ դառնալ հետագայում Հայաստանում այլ ծրագրերում կիրառելու համար»,- ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացրել է ALS միջազգային սերտիֆիկացված լաբորատորիայում իրականացված (Չեխիայի Հանրապետություն), հետազոտության արդյունքները, որի տվյալները մշակվել են Golder Assosiates (Գոլդեր Ասոշիեյթս, Մեծ Բրիտանիա) ընկերության գլխավոր հիդրոերկրաբանի կողմից:

Հետազոտության եզրակացության մեջ նշված է, որ Ջերմուկի տաք հանքային ջրերի համակարգը Ամուլսարի ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի հետ հիդրավլիկ կապ չունի։

*

*