«Հակված եմ ասել, որ պատերազմ լինելու է»․ Լեւոն Մնացականյան

«Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը․․․»
levon-mnacakanyan

Ապրիլյան պատերազմից հետո որոշակի դասեր պիտի քաղենք և որոշակի փոփոխություններ մտցնենք բոլոր ուղղություններով. Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը:

«Պաշտպանության վրա ենք հատուկ  շեշտը դրել, բարձրացրել ենք անվտանգության աստիճանը՝ նվազեցնելով նման միջոցներից սկզբնական փուլում զինծառայողների խոցման հնարավորությունը: Կատարվել են որոշակի հաստիքային փոփոխություններ, այն է՝ ստեղծվել են ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի կլինեն դրանց վրա ազդելու: Այո, ստեղծվել են նոր հնարավորություններով ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի կլինեն և′ օդային հետախուզություն վարել, և′ օդային հարվածներ իրականացնել: Մենք աշխատել ենք ուսուցման ուղղությամբ, աշխատանքներ են ընթանում նաև տեխնիկական հագեցվածության ուղղությամբ՝ հաշվի առնելով ապրիլյան մարտական գործողությունների ընդհանուր բնույթը»,- ընդգծեց նա՝ պնդելով, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններն իրենց բնույթով ոչ թե դիվերսիա են եղել, այլ պատերազմ:

Ի դեպ, Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ դեռ 2014-ին են սկսել տեսահսկման աշխատանքները, որոնք ավելի մեծ թափ են ստացել 2015-ին:

«Այդ կատարվածը, նախքան 2016-ի ապրիլը, թույլ է տվել, որ մենք կռահենք… Տեսադիտարկման համակարգն առ այսօր ահագին զարգացել է, ընդլայնվել, և հնարավորությունները համեմատելի չեն: Այսօր մենք չունենք մի ուղղություն, հատված, որ չդիտարկվի ցերեկային ժամերին: Գիշերային պայմաններում ևս չունենք մի ուղղություն, որով հնարավոր է թաքուն ներթափանցել խորքը՝ առանց մեր դիրքապահների տեսնելու: Այսօր կարող ենք վստահ փաստել, որ այդ աշխատանքները կատարվել են և, որքանով տեղյակ եմ, շարունակվում են. ավելացվում է խտությունը, աշխատում են տեխնիկական հնարավորությունների վրա, տեխնիկապես առավել մեծ հնարավորություններ ունեցող սարքեր են տեղադրվում: Բայց ասել, որ ավարտվելու են, ճիշտ չի լինի, քանի որ դա մշտապես շարունակվող և կատարելագործվող աշխատանք է»,- մանրամասնեց գեներալը՝ նշելով, որ պատրաստվում ենք վաղվա պատերազմին:

Ըստ նրա՝ այսօր իրավիճակն արտաքինից հանգիստ է, բայց եթե իրավիճակին նայենք, կարող է սխալվենք: «Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր առաջատար երկրներից, որի համար, իհարկե, վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանն արվում է խաղաղության համար: Եվ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասել, որ պատերազմ լինելու է: Արցախի անկախությունը դե ֆակտո կա, ինչը պետք է հաստատվի նաև դե յուրե: Գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա:  Ըստ այդմ՝ այդ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմական է, և մենք պետք է պատրաստվենք մարտական գործողությունների, վաղ թե ուշ կլինեն այդ գործողությունները»,-ասաց Լևոն Մնացականյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները