Լեւոն Մկրտչյան. Օպտիմալացումն իրականացվելու է միայն քաղաքային դպրոցներում 

«Մենք գտել ենք բանալին, թե ինչպես լուծել այդ հարցը։
levon-mkrtcyan

Հայաստանի Հանրապետության դպրոցների օպտիմալացման շնորհիվ հաստատությունները զարգացման ավելի համալիր ծրագիր կունենան։ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օպտիմալացումը իրականացվելու է միայն հանրապետության քաղաքային դպրոցներում։

«Մենք գտել ենք բանալին, թե ինչպես լուծել այդ հարցը։ Մեր կրթության որակի խնդիրը նրանում է, որ դպրոցը ժամը 1-ից հետո կա’մ անցնում է երկրորդ հերթի, կա’մ փակվում: Այսինքն` երեխան չի մնում դպրոցում, հիմնական դասերի պարապելուց հետո։ Խմբակներ, լրացուցիչ ծառայություններ չկան, որոնք դպրոցը կենդանի կպահեն մինչև ժամը 4-5-ը: Եթե մենք աստիճանաբար գնանք երկրորդ հերթի բացառմանը, կստանանք բավականին հետաքրքիր վիճակ` երկրորդ հերթով ապրող դպրոցների բեռնաթափման հաշվին կլցվեն այն դպրոցները, որոնք թերբեռնված են»,- ասաց Մկրտչյանը:

Նրա պնդմամբ՝ երկրորդ հերթով կամ եռահերթ դպրոցներում կրթության որակը շատ դժվար է պահել:
Ուսուցիչների կրճատումների վերաբերյալ նախարարն ասաց, որ, եթե աշակերտների հոսքը պետք է գնա մեկ այլ դպրոց, մանկավարժների կարիք էլ այդ դպրոցը կունենա:

Մարզային մի քանի քաղաքներում լինելու է դպրոցների օպտիմալացում` Գյումրիում, Աբովյանում կան կողք կողքի դպրոցներ, որոնք կմիանան:

Մայիսի 11-ին կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին` 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը

*

*