Լևոն Մկրտչյանը կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման անհրաժեշտություն է տեսնում

Առկա բացերը կարգավորելու համար փորձում են անցնել ընդհանուր կրթական ծրագրի․․․

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ոլորտը կարգավորող օրենսդրությունը բարելավելու և առկա բացերն ու խնդիրները լուծելու անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նախարարն ընդգծեց, որ այս պահին կրթության ոլորտը կարգավորող տարբեր օրենքների միջև առկա հակասությունների պատճառով առաջացել են բացեր և խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

«Մենք ամենասկզբում ընդունեցինք «Կրթության մասին» օրենքը, որը հնարավորություն էր տալիս կրթությունը դիտարկել մեկ համակարգի մեջ: Սակայն այնուհետև ընդունվեցին «Հանրակրթության մասին», «Միջին մասնագիտական կրթության մասին» օրենքները, որոնք, առանձին-առանձին լուծումներ տալով տարբեր հարցերի, առաջացրին խնդիրներ, երբ մենք չենք կարողանում ներքին օրենսդրական հակասությունների պատճառով սահուն անցումներ կատարել որակավորման մի աստիճանից մյուսին»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ առկա բացերը կարգավորելու համար փորձում են անցնել ընդհանուր կրթական ծրագրի, որպեսզի ՀՀ-ում կրթությունը դիտարկվի մեկ ընդհանուր համակարգի մեջ:

Նախարարը կարևորում է հանրակրթական կրթությունից միջին մասնագիտական կրթություն անցումը ճիշտ կազմակերպելը: Նա ընդգծեց, որ Հայաստանում ընտրված է մոդել, որը անհատին հնարավորություն է տալիս մինչև 16 տարեկան ազատ ստանալ հանրակրթական կրթությունը, իսկ դրանից հետո ոչ թե նրան ինչ-որ բան է պարտադրում կամ նրա փոխարեն որոշում, այլ նրա առաջ բացում է միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները:

*

*