ԲՈՒՀ-երում այլեւս «լիկվիդ» չի լինի

Եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս...

«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ պարտավոր են ապահովել համալսարանների անկախությունն ու բեռնաթափել համալսարանների բյուրոկրատական հատվածը:

«Սրա համար մենք փոխել ենք կառավարման ձևը, որի հիմքը դարձել է կրեդիտայինը: Ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում»,- հայտարարել է նա:

Նախարարի խոսքով՝ այս առաջարկը շատերի քննադատությանն է արժանացել, սակայն նա համարում է, որ այն կբացառի մի շարք դրսևորումներ, օրինակ` մի քանի անգամ «լիկվիդ» մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջորդ կուրս չփոխադրվելը:

«Առաջարկվող փոփոխություններով` եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս: Ուսանողն այս դեպքում հաջորդ կուրս փոխադրվելուց հետո կրկին պետք է վճարի նախորդ տարի չհանձնած առարկան սովորելու և մոդուլը հանձնելու համար: Կսահմանվի տարեկան հավաքվող մինիմալ և մաքսիմալ կրեդիտ: Բակալավրի դեպքում, եթե ուսանողը full time ուսուցման համակարգում է, ապա նրան հնարավորություն է տրվում 4-6 տարվա ընթացքում ձևավորել իր աշխատանքային գործընթացը, եթե ավելի երկարատև ռեժիմի է անցնում, այսինքն՝ part time համակարգի, որը հեռակա ուսուցմանն է փոխարինելու, ապա մարդը կարող է 8 տարվա ընթացում հավաքել իրեն անհրաժեշտ կրեդիտների քանակը: Երբ ուսանողն իր գրաֆիկը կազմելուց կորոշի, որ 6 տարում պիտի ավարտի, ապա կսահմանվի, թե յուրաքանչյուր տարի մոդուլի համար որքան գումար պիտի վճարի: Այսինքն՝ նաև վճարման համակարգը պիտի փոխվի, և ամենակարևորը պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները: Եթե ուսանողը չի հանձնում մոդուլը, ապա հաջորդ տարի նորից կվճարի, այդ մոդուլը կսովորի և կհանձնի իր հատվածը, ոչ թե դուրս կմնա հաջորդ կուրսից»,- պարզաբանել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում նաև ասպիրանտուրայում, որի ծրագիրը կազմված է լինելու երկու մասից՝ կրթական և գիտական հատվածից: Նախատեսվում է նաև նախաբակալավրիատի ներդրում:

*

*