Լ. Մկրտչյան. «Սերունդներին պատմությունը գնահատում է շատ դաժան չափանիշներով»

Նախարարն ընդունել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի մասնակիցներին:
levon-mkrtchyan

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը, որին այս տարի մասնակցում են Հայաստանի, Արցախի, Բելգիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Վրաստանի, Ֆրանսիայի ավելի քան 100 պատվիրակներ:

Օլիմպիադային մասնակից թիմերի աշակերտների և ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարը կարևորել է համահայկական օլիմպիադայի նշանակությունն ինչպես Հայաստան-սփյուռք համագործակցության խորացման, այնպես էլ` հայապահպանության և հայագիտության զարգացման տեսանկյունից:

Ըստ նրա` յուրաքանչյուր սերունդ ունի իր պարտականությունը: «Սերունդներին պատմությունը գնահատում է շատ դաժան չափանիշներով, մասնավորապես, ինչ է ստացել տվյալ սերունդը և ինչ է թողնում հաջորդին: Մեր պատմությունը այնպես է դասավորվել, որ վերջին 700 տարվա ընթացքում յուրաքանչյուր սերունդ ստացել է ավելի շատ, իսկ թողել՝ ավելի քիչ: Սակայն մենք այն երջանիկ սերունդն ենք, որ այսքան տարվա ընդմիջումից հետո հնարավորություն ունի ավելի շատ թողնել, քան ստացել է: Այսօր մենք ունենք ազատագրված տարածք, անկախ պետականություն և բանակ: Եթե կարողանանք մեր սերնդի առաքելությունը ինչ-որ ձևով հասցնել իր տրամաբանական վերջակետին, ապա հաջորդներին կթողնենք ավելի լավ վիճակ, քան մենք ստացել ենք»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի գիտակրթական համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք միտված են կրթության որակի ու միջազգային հեղինակության բարձրացմանը:

 

*

*