«Գիտնականի նկատմամբ հալածանքն անթույլատրելի է»․ Լևոն Մկրտչյանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ

Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել է մի խումբ ուսանողների հետ:
handipum (1)

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել  է մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի պետական համալսարանի  հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր  Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպումից հետո ԿԳ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ուսանողների  բարձրացրած խնդիրները  վերաբերել են  կրթության որակին և բուհից հեռացված դասախոսների հետագա գործունեությանը.

«Դասախոսների հետ կապված երկու ճանապարհ կա՝ առաջին նրանք պետք է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանեն դատական կարգով՝ ելնելով «Աշխատանքային օրենսգրքի» պահանջներից և երկրորդ, պետք է հասնել նրան, որ համալսարանի բոլոր դասախոսական պաշտոնների համար հայտարարվեն մրցույթներ:  Ես կարծում եմ, որ ընտրված դասախոսը բուհում կարող է այլ, ավելի ապահով կարգավիճակ ունենալ, քան  աշխատանքային պայմանագրով աշխատող դասախոսը: Սա մեզ համար սկզբունքային կարևոր մոտեցում է, որն ամրագրված է նաև Ազգային ժողովում այժմ քննարկվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Դասախոսի իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինելու համար՝ նա պետք է ընտրված լինի»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ կրթության որակի տեսանկյունից առաջնային մտահոգություն է Շիրակի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մասնագիտական որակի բարելավումը: «Ուսանողներն իրավունք ունեն ավելի որակյալ  կրթություն պահանջել: Ինձ համար, իբրև նախարար ամենակարևորն այդ հարցն է»,- շեշտել է նախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև հանդիպում դասախոսների հետ: Նախարարի համոզմամբ՝ պայքարի օրինական ճանապարհներ միշտ կան և բուհական միջավայրում գիտնականի նկատմամբ հալածանքը կամ այդ կարգի այլ գործողություններն անթույլատրելի են: 

Լրագրողների հետ հանդիպումից հետո ԿԳ նախարարն ու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը հանդիպում են ունեցել նաև բուհի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ:  Նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հորդորել են նրանց  աշխատանքային խնդիրը կարգավորել իրավական ճանապարհով, ինչպես նաև  մասնակցել առաջիկայում հայտարարվելիք թափուր տեղերի մրցույթներին:

*

*