Լեւոն Մկրտչյանը կարևորել է միջին մասնագիտական կրթության ոլորտում հայ- չինական համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է չինական պատվիրակությանը։
mkrtchyan-chinakan-patvirakutyun

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի տեղակալ տիկին Ճան Իճընի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Չինաստանի հետ Հայաստանը կրթական համագործակցության արդյունավետ փորձ է կուտակել, մասնավորապես` երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման նախագիծը՝ վստահություն հայտնելով, որ այն երկկողմ կրթական հարաբերություններին նոր որակ կհաղորդի, միաժամանակ նպաստելով կրթության մյուս բնագավառներում համագործակցության զարգացմանը: ԿԳ նախարարը նշել է, որ նոր ուղղություն կարող է լինել միջին մասնագիտական կրթության ոլորտում հայ-չինական համագործակցության խորացումը:

Չինական պատվիրակության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ Չինաստանում մեծ տարածում ունի միջին մասնագիտական կրթությունը, որը պետության կողմից դիտվում է սոցիալական ապահովության կարևոր երաշխիք: Հյուրի խոսքով՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում աշխատողները հիմնականում միջին որակավորում ունեցող մասնագետներ և վարպետներ են, բուհերում սովորողների մեջ նույնպես մեծաթիվ են ՄԿՈՒ ոլորտի կադրերը, ովքեր, աշխատաշուկայի պահանջներից ելնելով, հետագայում կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պատվիրակության կազմում ընդգրկված Շանհայի քաղաքապետարանի ներկայացուցիչը ԿԳ նախարարին ներկայացրել է Շանհայ քաղաքի կրթական համակարգը՝ նշելով, որ այնտեղ ևս մեծ տեղ են գրավում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Չինական պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են 2021 թվականին մասնագիտությունների միջազգային մրցույթի անցկացումը Շանհայում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

*

*