Ռեկտորները մեր ժողովրդի թշնամին չեն. Լևոն Մկրտչյան

«Հոդաբաշխ խոսում են այս դահլիճում գտնվող բոլոր մարդիկ»
levon-mkrtchyan-28022018-aj
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հարցեր են ուղղել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:

Նախարարին հարց է ուղղել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը. «Հարցս վերաբերում է բարձրագույն կրթության մասին օրինագծին, ևս մեկ անգամ կշեշտադրեմ. օրենքով ռեկտորի լիազորությունները կդադարեցվեն 70 տարին լրացած անձանց համար, իսկ ամբիոնի վարիչներինը՝ եթե լրացել է նրանց կենսաթոշակային տարիքը: Սա ուղղակի օրենսդրական խարդախություն է, հատուկ շիլաշփոթ է ստեղծվում անորոշ ձևակերպումներով ու խորամանկ հղումներով: Չեք նշում, որ ակնհայտ չերևա խտրական որոշումը` ի օգուտ ռեկտորի, սա ուղղակի ռեկտորների համայնքի ճնշման հետևա՞նք է, թե ունեք այլ հոդաբախշ պարզաբանում»,- ասել է նա:

Նախարարը նախ կոչ է արել, որ տերմիններից, որոնք վիրավորական ենթատեքստ ունեն,  խուսափի պատգամավորը:

«Մենք գտնվում ենք Աժ բարձր ամբիոնում: Հոդաբաշխ խոսում են այս դահլիճում գտնվող բոլոր մարդիկ և ՀՀ բոլոր քաղաքացիները: Որակումներ տալիս կոչ կանեի, որպեսզի ԱԺ պատգամավորները պահպանեն տարրական նորմերը»,- ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նշել է, որ որ ռեկտորները մեր ժողովրդի թշնամին չեն: «Նրանք մտավորական են, և յուրաքանչյուրն անցել է լավ ճանապարհ, ունեն լավ կենսագրություն: Ծանոթացեք նրանց կենսագրությանը, խարդախություն չկա, եթե գտնում եք, որ պետք է խստացնել և հավասար դաշտ բերել` ձևակերպեք, որպես առաջարկություն,  և մենք էլ կընդունենք դա»,- ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ պարզապես ցանկանում են բերել նորմալ օրենք, որ մի մարդը 4 տեղում ռեկտոր չաշխատի, մարդը կարողանա իր աշխատանքից հաճույք ստանալ և կատարի իր պարտականությունները` գիտական և վարչական աշխատանքը: «Սա է եղել նպատակը, գրե՞նք ռեկտորներին էլ 65 տարեկան` գրենք»,- եզրափակել է նա:

*

*