ՀՀ Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել են «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նշեց, որ բարձրագույն կրթության կազմակերպման մարտահրավերները շատ են, եւ Կառավարության կողմից առաջարկված այս օրենսդրական փաթեթը նպատակ ունի ժամանակակից զարգացումների ու ստանձնած պարտավորություններին համապատասխան կարգավորումներ ունենալ:
Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելու են համակարգային փոփոխություններ:
«Բարձրագույն կրթության ոլորտը առանձնահատուկ է: Ունենք բնակչության 51 տոկոսի ներգրավվածություն այս ոլորտում: Բարձրագույն կրթական համակարգը ամբողջ տարվա ընթացքում ստանում է այնքան ֆինանսավորում, ինչպես ասենք ԱՄՆ-ի առաջատար բուհերից մեկի ֆակուլտետը, չնայած դրան կարողանում է պահպանել հիմնական ուղենիշները»,- ասաց նա:
ԿԳ նախարարի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթության ոլորտի յուրահատկությունը այն է, որ այն իրավունք չունի միայն հետեւել շուկայի թելադրանքին՝ հատկապես այն երկրներում, որտեղ շուկան լիարժեք ձեւավորված չէ:
«Հենց այդ ոլորտը կարող է ձեւավորել որոշակի շուկա, այսինքն՝ եթե որոշակի մասնագիտություններ որակապես ապահովենք, դա կնպաստի ամբողջովին նոր շուկաների ձեւավորմանը»,-եզրափակեց նա: