Լեւոն Մկրտչյան. Պետք է փոխել հասարակության վերաբերմունքը ուսուցիչների նկատմամբ

«Նոր արժեվորման ճանապարհին ձեր օգնության կարիքը կա»։

Երեւանի Խ. Աբովյանի անվան մանակավարժական համալսարանում այսօր տրվեց կրթության ոլորտի օգոստոսյան խորհրդակցությունների եւ «Ուսուցիչ» նախաձեռնության մեկնարկը։

«Երկու տարի է՝ մտել ենք կրթական համակարգի վերափոխումների շրջան»-բացման խոսքում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը,- «մեր ուժը նրանում է, որ կարողացանք ձեւավորել այնպիսի շեմ, որը չափելի է ու ընկալելի։ Հիմնական դաշտը եվրոպական կրթական համակարգն է»։

Նախարարը նշեց նաեւ, որ ձեւը կարողացել ենք ստեղծել, ու հիմա ժամանակն է երկրորդ փուլի անցնել ու լուծել որակի հիմնախնդիրը, առանց որի «ստեղծված ձեւը կաղավաղվի»։

«Մեր կրթական համակարգում հիմնականում հումանիտար կրթություն են ստանում։ Կրթական համակարգերը նման են ժամացույցի։ Հայաստանի կրթական ժամացույցն աշխատում է` մանկապարտեզից մինչեւ ակադեմիկոս։ Գուցե մի քիչ հետ է աշխատում, բայց աշխատում է։ Առաջիկայում կներկայացվի կրթական ծրագրեր ` մինչեւ 2030 թվականների համար։ Առաջինը հանրակրթության պետական ծրագիր, որն ապահովելու է զարգացումը։ Երկրորդը` բարձրագույն կրթության համալիր ծրագիր եւ մասնագիտական ծրագիր։ Ամեն ինչ կմնա թղթի վրա, եթե մեր կրթական նվիրյալների հանդեպ վերաբերմունքը չփոխենք։ Իսկ ամենանվիրյալները դպրոցներում են։ Արմատապես փոխենք վերաբերմունքը եւ այս խավի նոր որակ բերենք»,-ասաց Լեւոն Մկրտչյանը։

«Առաջին ծրագիրը պետք է լինի ուսուցչի դերը մեծացնելը, ուսուցչի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությունը։ Նախ որպես մասնագետ ու հասարակության նվիրյալ, որի սոցիալական վիճակը պետք է համազոր լինի այն առաքելությանը, որը պետք է իրականացնի։ Նոր արժեվորման ճանապարհին ձեր օգնության կարիքը կա»- ներկաներին դիմեց նախարարը։ 

Ուսուցիչների վերապատրաստման գործընթացից նախարարը դժգոհ է ու վստահ է որ ձեւափոխվելու է կրթության ազգային ինստիտուտը՝ այն դառնալու է հանրակրթության ազգային ինստիտուտ։  Այդտեղ դասագրքային մշակում է լինելու եւ դրանց էլեկտրոնային տարբերակների ստեղծում՝ պլանշետներով։  Նախարարի կարծիքով՝ նաեւ վերապատրաստման նոր մեխանիզմներ պետք է ներդնել։

Անդրադառնելով դպրոցներում ուսուցիչների վճարման հարցտի՝ Լեւոն Մկրտչյանը նշեց, որ պետք է արդարության սկզբունքը գործի` միեւնույն մասնագետը միեւնույն գումարը ստանա` անկախ աշակերտների քանակից,  այսինքն՝ ֆինանսավորման սկզբունքը պետք է փոխվի։
Ըստ նախարարի՝ կրթության համակարգը Հայաստանում դեմոգրաֆիական իր աշխարհագրությամբ բավականին բարդ իրավիճակում է զարգացել՝ սկսած հանրակրթությունից, վերջացրած բարձրագույն կրթությամբ։
Հանրակրթությունում մոտ 1400 դպրոցների մի հսկայական զանգված կա, որտեղ հաստատություններն ունեն առավելագույնը 100 աշակերտ, իսկ բարձրագույն կրթության ասպարեզում մոտ 87.000  ուսանողությանը սպասարկում են 65-ից ավելի համալսարաններ։
Նախարարը նշեց, որ սա շատ լուրջ մարտահրավեր է և ուղղակիորեն վտանգում է կրթական համակարգի որակը։

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*