Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հայազգի գործարարը վերջին տարիներին վատառողջ էր...
levon-hayrapetyan

Այսօր առավոտյան 68 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի գործարար և  բարերար Լևոն Հայրապետյանը: Այս մասին հայտնում է vesti.am-ը:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Երկար տարիներ որպես լրագրող աշխատել է «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում սկսել է զբաղվել գործարարությամբ՝ նավթի մատակարարման ոլորտում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի զարգացման գործում: Հայրապետյանն ամենախոշոր ներդրողներից մեկն է Արցախի ժամանակակից պատմության մեջ։

Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։

2008 թ.-ի հոկտեմբերի 16-ին Շուշիում և Գանձասարում բարերարը կազմակերպել էր 700 զույգի պսակադրություն:

Նույնիսկ գտնվելով անազատության մեջ` Լևոն Հայրապետյանը շարունակում էր բազմաթիվ բարեգործություններ անել` ի նպաստ հայ ժողովրդի: Ապրիլյան պատերազմի օրերին բարերարը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արցախին:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ռուս իրավապահների կողմից ձերբակալվել էր 2014 թ.-ի հուլիսի 15-ին և դատապարտվել 4 տարվա ազատազրկման` խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով։ Մի շարք փորձագետներ, սակայն, պնդում են, որ գործարարի դատական հետապնդման հիմնական պատճառը նրա ձեռքից «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերը խլելն էր:

Գործարարը քաղցկեղով հիվանդ էր, ուներ նաև այլ առողջական խնդիրներ, որոնք, ըստ Հայրապետյանի փաստաբանի, կալանքի հետ անհամատեղելի էին:

Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ իր պաշտպանյալը վերջին ամիսներին գտնվում էր Մորդովիայի (ՌԴ) կալանավայրերից մեկի հիվանդանոցում։

Հավելենք, որ գործարարի հուղարկավորությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Մոսկվայում: «Թաղեք ինձ ծնողներիս կողքին»,- սա է եղել Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունը:

harsaniq

*

*