Լեշմանիոզ վարակի վտանգը մեծ է. զգուշացում-կոչ՝ հատկապես մանկահասակ երեխա ունեցողներին

Լոռու մարզի Շնող գյուղում մարտի 9-ին 9 ամսական աղջիկ է մահացել՝ լեյշմանիոզ հիվանդությունից...

Լոռու մարզի Շնող գյուղում մարտի 9-ին 9 ամսական աղջիկ է մահացել՝ լեյշմանիոզ հիվանդությունից: Երեխային նախ տեղափոխել էին գյուղի ամբուլատորիա, հետո Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել:

Այսօր «Երկիրն այսօրի» նկարահանող խումբը եղել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ ամեն տարի այս հիվանդությամբ 20-30 հիվանդ է ընդունվում: Մասնագետներն ասում են, վաղ ախտորոշման դեպքում բուժումն արդյունավետ է, հակառակ դեպքում այն առաջացնում է մահ:

Հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանին մինչեւ հիմա հանգիստ չի տալիս այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ. չկարողացան փրկել աղջնակի կյանքը. հիվանդության հետեւանքով առաջացած խնդիրներն անհամատեղելի էին կյանքի հետ:

«Հիվանդության դեպքում ախտահարվում է հիմնականում երեխայի արյան համակարգը, արյան բոլոր տարրերի՝ հեմոգլոբինի, տրոմբոցիտների, լեյկոցիտների խիստ իջեցում է լինում, երեխաները հյուծվում են»,- ասաց բժշկուհին։

Լեյշմանիոզը վարակիչ հիվանդություն է, հիմնական աղբյուրը շներն են, տարածողները՝ մլակները: Հայ բժիշկների համար հիվանդությունը պատուհաս դարձավ հատկապես վերջին տարիներին: Մինչեւ 2000-ականները հիվանդության դեպքեր կա՛մ չկային, կա՛մ բացառիկ էին: Հիմնական խոցելի խումբը մինչեւ 5 տարեկաններն են եւ ցածր իմունհամակարգով մարդիկ: Հայաստանում կան վայրեր, որտեղ հիվանդությունն ավելի շատ է հանդիպում:

«Հիվանդությունը մեր երկրում հիմնականում լինում է Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզրերում: Վերջին դեպքերը հենց Տավուշի ո Լոռու մարզերից են: Նաեւ ԼՂՀ-ում, Քաշաթաղի շրջանում ու ցավոք, վերջերս նաեւ Երեւանում կա։ Իսկ վտանագավոր է, քանի որ Երեւանը խիստ բնակեցված է»,- ասում է Ապրեսյանը:

Լեյշմանիոզի փոխանցումը մարդուց մարդուն գրեթե անհնար է: Հիվանդության տարածումն այնքան է անհանգսատացրել մասնագետներին, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները համաճարականաբանների ու սննդի անվտանգության ծառայության բժիշկների հետ սկսել են մասսայական հետազոտություններ կատարել երեխաների ու կենադնիների շրջանում: Բոլոր համայնքններում, որտեղ հետազոտություններ են անցկացվել, գտել են հիվանդ կենդանիներ:

«Այս հիվանդության բնական պահոցը շնազգիներն են, շները, թափառող շները, նաեւ ընտանի: Սակայն տարածքողները միայն մլակներն են: Նրանք խայթում են կենդանուն, նրանց օրգանիզմում զարգանում է վարակը, ապաւ խայթելով երեխաներին, փոխանցում են հիվանդությունը»:

Հիվանդության առանձնահատկություններից մեկը նրա գաղտնի շրջանն է:

«Մլակների խայթելու սեզոնը մայիսից հոկտեմբեր է: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հիվանդություն գրանցվում այլ աիմիսներին եւս: Խնդիրն այն է, որ լեյշմանիոզն ունի շատ երկար գաղտնի շրջան, որը կարող է տեւել նույնիսիկ 1 տարի»:

Հիվանդությունը չբուժելու դեպքում մահն անխուսափելի է, ընդ որում, բավական լուրջ ախտահարումներից ու արյունահոսություններից հետո: Մահվան դեպքերը 100 տոկոս են, եթե չկա վաղ ախտորոշում:

Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս գաղտնի շրջանի ավարտից անմիջապես հետո, երբ լեյշմանիոզի հարուցիչը սկսում է ախտահարել օրգանիզմը:

«Երեխայի մոտ դիտվում է ջերմություն, ախորժակի բացակայություն, նրա մոտ շատ հետաքրքիր մի սիմպտոմ է առաջանում, փայծախի բորբոքման հետեւանքով որովայնը շատ մեծանում է, նմանվում է սարդի՝ որովայնը մեծանում է, իսկ վերջույթները՝ բարակում»,- ասաց բժշկուհին։

2000 թվականից հետո ինֆեկցիոն հիվանդանոցում այս հիվանդության տարեկան 20-30 դեպք է գրանցվել: Հիմնական մասն ապաքինվել է: Այս տարի ամբողջովին լուծվել է դեղերով ապահովման խնդիրը: Սակայն ինչպես բոլոր հիվանդությունները, այս դեպքում եւս կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Մասնագետը խորհուրդ է տալիս.

«Անպայման լուսամուտները ցանցապատել մանր ցանցերով, երեխային, մաքուր օդի դուրս տանելիս, հագցնել թեւերը եւ ոտքերը փակող հագուստ, պետք է անպայման միջատավանիչ միջոցներ օգտագործել, դրանցով օծել: Եվ եթե հատկապես նշված մարզերից են, առաջին ախտանշանների ի հայտ գալու դեպքում անպայման անմիջապես դիմել բժշկի»:

Մեր հանրապետության պարագայում, որտեղ աղբահանության բարձր մակարդակով ոչ մի համայնք չի փայլում, որտեղ թափառող կենդանիների դեմ պայքարը չի գոհացնում նույնիսկ պետական կառույցներին, վարակը դառնում է ոչ միայն առողջապահական խնդիր:

 

*

*