Լևոն Մկրտչյանը պարգեւատրել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին

«Ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ մեր համալսարաններում կամավորական մեծ շարժում սկսվեց»
lavaguyn-usanox2

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ  ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին կամ ուսանողին մասնագիտական  կարողություններից բացի բնորոշում են նաև արժեքային հատկանիշները: Այս իմաստով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն իսկապես մրցունակ է և մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, թե որքան բարձր է Հայաստանի ուսանողության արժեքային նշաձողը: Ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ մեր համալսարաններում կամավորական մեծ շարժում սկսվեց: Երբ միջազգային հարթակներում առիթ ունեցա ներկայացնելու, թե որքան կամավոր երիտասարդներ են այդ օրերին մեկնել առաջին գիծ երկիրը պահելու, իմ արտասահմանցի գործընկերները զարմացած էին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մեր հասարակության մեջ ձևավորվում է սեփական ուժերին վստահ, Հայաստանի անկախությանը նվիրված, հայրենասեր և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող սերունդ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ «Լավագույն ուսանող» մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը նաև հասարակական գործունեությունն է:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հինգ տարի է անցկացվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը: Այն կազմակերպվում է  երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական)՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ըստ հետևյալ ոլորտների. բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն,  ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

2017 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 41 ուսանող`  ըստ կրթական աստիճանների և ոլորտների: Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 400.000, 2-րդ տեղ՝ 270.000 և 3-րդ տեղ՝ 200.000 ՀՀ դրամ:

*

*