Վերին Լարսի անցակետը դեռ փակ կլինի. Հայաստանի բեռնափոխադրողներն այն շրջանցում են ծովով

Կառավարության նիստում այսօր զեկուցվել է Վերին Լարսի անցակետի փակման հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին։
lars-janaparh

Կառավարության նիստում այսօր զեկուցվել է Վերին Լարսի անցակետի փակման հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին։

Հունիսի 23-ից տեղացած հորդառատ անձրեւների պատճառով հունից դուրս եկած եւ հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է Լարսի ճանապարհի մի հատվածը, ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումն անհնար է դարձել, բեռնատարները երթեւեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Այս մասին այսօր ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ խնդիրը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, Արտակարգ իրավիճակների եւ Տրանսպորտի ու կապի նախարարություններն օպերատիվ կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի իրենց գործընկերների հետ:

«Վարչապետի նամակով՝ ՌԴ կառավարությունը հատկացրել է ինքնաթիռ՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխության համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը, հավելելով, որ կազմակերպվել է 96 ուղեւորի տեղափոխում, եւս 120-ն այսօր կտեղափոխվեն:

Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ լաստանավի միոցով 72 բեռնատար ավտոմեքենա հասել է Նովոռոսիյսկ եւ այժմ բեռնաթափվում է: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը 55 բեռնատարներով գտվում է Նովոռոսիյսկում եւ սպասում է նավամատույցին մոտենալու թույլտվությանը, իսկ հունիսի 30-ի դրությամբ, ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը:

Ըստ Վաչե Գաբրիելյանի, առկա տեղեկատվության համաձայն՝ բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենայի՝ չհաշված նրանք, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում: Նրա խոսքով՝ ռուսական կողմում կուտակումները կազմում է 40-50 մեքենա:

Նա նաեւ նշեց, որ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ շուրջ 10 հազար տոննա ծիրան արտահանվել է, եւս 5 հազար տոննա դեռ արտահանվելու է: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ բոլոր բեռնափոխադրողներին հորդորում են կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ լաստանավերի վրա տեղ ամրագրել:

«Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների ճանապարհային վարչության եւ ոստիկանության տեղեկատվության՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխված է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անրաժեշտ ժամանակը: Նախնական գնահատականով՝ աշխատանքները կարող են տեւել 2-3 շաբաթ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

*

*