4-րդ եւ 9-րդ դասարան են վերադառնում բանավոր քննությունները

«Թեստային քննությունների ընթացքում երեխաները հետ են վարժվում բանավոր խոսքից, շարադրությունից, փոխադրությունից»:
levon-mkrtchyan

Նոր ուսումնական տարին Հայաստանում մեկնարկում է մի շարք փոփոխություններով, որոնք նախապես քննարկել են դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ, բայց երեւանյան խորհրդակցության ժամանակ Կրթություն եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւս մեկ անգամ անդրադարձավ դրանց: Մասնավորապես` հիմնական դպրոց՝ 4-րդ եւ 9-րդ դասարան են վերադառնում բանավոր քննությունները:

«Թեստային քննությունների ընթացքում երեխաները հետ են վարժվում բանավոր խոսքից, շարադրությունից, փոխադրությունից: Նյութը բանավոր ներկայացնելու մշակույթը դպրոցը պետք է ապահովի»,- նշել է նախարարը:

Ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը նախարարը ներկայացրեց այստեղ սպասվող փոփոխությունները: Այս տարվանից ավարտական քննություններն անցկացվելու են դեկտեմբերին, իսկ երկրորդ կիսամյակից աշակերտներն ընտրելու են առնվազն 3 առարկա եւ միայն դրանք են ուսումնասիրելու: Եթե փորձնական ծրագիրը հաջողվի, աշակերտները հնարավորություն կունենան այդ առարկաներն ուսումնասիրել նաեւ առաջին կիսամյակում:

«Ինձ թվում է՝ երկրորդ կիսամյակում բացակայությունները շատ ավելի քիչ կլինեն, որովհետեւ երեխաները կենտրոնացած են լինելու միայն իրենց այդ 3 առարակների վրա, որոնք նրանց պետք են բուհ ընդունվելու համար»,- կարծիք հայտնեց թիվ 195 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը:

Խ. Աբովյանի անվան մանկավարժամական համալսարանի հենակետային վարժարանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանն էլ մտահոգություն հայտնեց.

«Եթե նրանք դեկտեմբերին հանձնեն քննությունները եւ ավարտեն դպրոցը, արդյո՞ք հնարավոր կլինի երկրորդ կիսամյակում ապահովել ուսումնական գործընթացը, քանի որ կա կրկնուսույցների գործող դաշտը»:

Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ երեխան պետք է ընդունվի բուհ: Եթե գնա ռեպետիտորի մոտ, պիտի ամեն շաբաթ 2-3 անգամ մեկուկես ժամ պարապի: Ինքը հնարավրություն ունի իր առարկան պարապել ամեն օր 2 ժամով, ինչո՞ւ պիտի չգա դպրոց:

171 հիմնական դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանի կարծիքով ուսումնական պլանի բեռնաթափման կարիք իրենք եւս ունեն: Առաջակում է վերանայել նաեւ բացակայությունների կարգը:

Փոփոխություններ նախատեսվում են ոչ միայն աշակերտների, այլեւ տնօրենների եւ ուսուցիչների համար: Տնօրեններն այլեւս ստիպված չեն լինի հավաստագրվելու համար 5 տարին մեկ քննություն հանձնել: Փոխարենը վերապատրաստվելու են.

«Ինչպե՞ս կարող ենք մենք տնօրենի կամ ուսուցչի դերի բարձրացման մասին խոսել, եթե տանում ենք բազմավաստակ, 2 անգամ ընտրված տնօրենին նստեցնում ենք սեղանի շուրջ եւ ասում ենք՝ քննություն տուր: Իսկ ովքեր առաջին անգամ են ուզում տնօրեն դառնալ, պետք է գան շատ հեղինակավոր հանձնաժողովի առաջ, որում կլինեն ձեր բոլորի կողմից հարգանք վայելող մարդիկ, եւ ոչ թե պետք է ինչ-որ 600 հարցի պատասխանեն, այլ պետք է ասեն, թե ինչի է ուզում»,- նշեց նախարարը:

Մինչ երեւանյանը խորհրդակցությունը Լեւոն Մկրտչյանը եղել է նաեւ մարզերում: Այստեղ խնդիրներն ավելի շատ են: Այս տարի եւս որոշ համայնքներ առաջին դասարանցիներ չեն ունենալու: Հանրապետությունում գործող շուրջ 1400 դպրոցներից ավելի քան 800-ի աշակերտական համակազմը 300-ից պակաս է, մեծ մասի դեպքում աշակերտների թիվը 100-ի էլ չի հասնում: Կրթության որակի վրա ազդող լուրջ գործոն է դասարանների կոմպլեկտավորումը: Լուծում գտնելու համար ուսումնասիրում են միջազգային փորձը:

«Այն, ինչ մենք անվանում ենք երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ, սովորելու իմիտացիա է տալիս, բայց կրթության որակ շատ չի տալիս:
Ե′վ ուսուցիչները չունեն այդպես դասավանդելու ունակությունը, ե′ւ մենք իրենց չենք տալիս համապատասխան մեթոդիկա»,- մանրամասնեց ԿԳ նախարարը:

Շուտով կընդունվի ազգային կրթակարգը: Լեւոն Մկրտչյանը նշեց, որ երբ քննարկում են, թե որ առարկային որքան ժամ պետք է հատկացվի, ճնշումներ են լինում, որովհետեւ որոշ առարկաների հետեւում կանգնած են հկ-ները, եկեղեցու պատմության հետեւում՝ եկեղեցին, հայագիտական առարկաները վայելում են պետական հովանավորչություն: Ազգային կրթակարգը կսահմանի գերակայությունները՝ ելնելով մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներից:

*

*