Տարկետման իրավունքի սահմանափակումը չի վնասի կրթությանը. Լևոն Մկրտչյան

«Պաշտոնյաների որդիները թող ծառայեն»:
levon-mkrtchyan
Լուսանկարը՝ armenpress.am-ի

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վստահ է, որ ուսման համար զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը կրթությանը վնաս չի հասցնի: Նախարարը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես 1992 թվականից հստակ դիրքորոշում ունեմ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Եվ այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահել են,  գիտության որակի էական աճ ունեն: Երբ վերլուծում ենք, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական դիսերտացիաներ, նրանցից քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, լավ պատկեր չի ստացվում»:

Հարցին, թե սա հարված չէ՞ պաշտոնյաների որդիներին, քանի որ նրանք էին հիմնականում գիտությամբ զբաղվելու անվան տակ խուսափում բանակից, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Թող ծառայեն, պաշտոնյաների որդիները թող ծառայեն»:

Ըստ նախարարի՝ տարեկան տարկետում տրվում է 500-600 երիտասարդի, նրանց մոտ 3000 ընկերները զորակոչվում են բանակ: Կառավարությունը կարծում է, որ սա անարդար է, փորձում է բոլորի համար հավասար դարձնել նույն սկզբունքը:

Լևոն Մկրտչյանը նաև կարծում է, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Խոսքն այն մասին է, որ բոլորը պետք է ծառայեն հայկական  բանակում: Հիմա դուք՝ որպես քաղաքացի, գտնում եք, որ 80-90 տոկոսի համար կարելի է մի պայման դնել, մնացած 5-10 տոկոսի համար այլ պայմա՞ն: Մեր երկիրը մարտահրավերներ ունի, և  ապրիլյան դեպքերը կարող են միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ»,- եզրափակեց Լևոն Մկրտչյանը:

*

*