Ո՞րն է կրթական բարեփոխումներում հաջողելու գրավականը — Երկիր Մեդիա

Ո՞րն է կրթական բարեփոխումներում հաջողելու գրավականը

Տարրական հարցերն անտեսած՝ պետք չէ առավել մեծ խնդիրներ լուծելու մասին նույնիսկ երազել
hamalsaran-terevner-ashun2 (1)
Լուսանկարը՝՝ Հրաչուհի Ալմաստյանի

Տեսնես ամեն ինչի, ամեն մի նոր քայլի ու այն իրականացնողների հանդեպ  հարկի-անհարկի քննադատություն ուղղելու ձիրքը մեզ որտեղի՞ց: Ամեն ինչն ենք քննադատում. վատի դեպքում՝ հասկանալի է, բնական ու տրամաբանական, բայց լավին ու դրականին, ճահճից դուրս գալուն ուղղված ամեն քայլն էլ ենք քննադատում, հաճախ թվում է, թե հանրության որոշակի զանգվածի մոտ քննադատական մտածողություն կոչվածը միայն վատը փնտրելուն ու սայլը տեղից շարժելուն միտված ցանկացած քայլ չհիմնավորված ու իրենից սին օրակարգ ենթադրող երևույթ որակելուն է միտված ու հարմարեցված:

Անկասկած քննադատությունը շատ անհրաժեշտ ու տեղին երևույթ է ցանկացած հարցում, ի վերջո ոչինչ անթերի չի լինում ու երևի թե չի էլ կարող լինել, և առողջ, փաստարկված ու ռացիոնալ հենք ունեցող ամեն մի քննադատություն միայն ու միայն նախաձեռնվող քայլերն առավել անխոցելի ու մրցունակ դարձնելուն են ծառայում, սրանում երկու խոսք լինել թերևս չի կարող: Բայց սա այն դեպքերին է վերաբերում,  երբ քննադատության թիրախ դարձող այս կամ այն երևույթի թերի կամ բացասական կողմերը փաստարկված ու հիմնավորված են ներկայացվում, և որ պակաս կարևոր չէ՝ դրական կողմերն էլ չեն անտեսվում ու շեշտադրվում են՝ հնչեցվող մոտեցումներն իրոք անկողմնակալ քննադատության դաշտ տեղափոխելով: Ասվածները ընդհանուր կտրվածքով են ներկայացված՝ մեր հանրային մտածողության արատներից մեկը որպես քննարկման ելակետ ընդունելով: Իհարկե հասկանալի է, որ հնարավոր էլ չէ երբևէ հանրություն կոչվող անհամասեռ ու բազմաշերտ զանգվածի մեծ մասից ռացիոնալության սահմաններում խոսք ու քննադատություն ակնկալել, բայց մեզանում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ կարծիք հայտնում ու անխնա քննադատում են բոլորը, և որ ավելի ցավալի է՝ ամեն ինչի մասին: Սա էլ՝ ընդհանուր առմամբ, որպես ի գիտություն: Իսկ այժմ, չմոռանալով թե ինչի համար ենք հավաքվել, անցնենք բուն թեմային:

Վերջերս ԵՊՀ-ում գործունեություն է սկսել ծավալել «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական  նախաձեռնությունը, որի նպատակն է հասնել բուհական համակարգում առկա խնդիրների բարձրացմանն ու լուծմանը՝ սկսած տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից մինչև բուհական համակարգում առկա կոռուպցիա ու կրթության որակի բարելավում: Նախաձեռնության գործունեության ու թիրախավորած խնդիրների շուրջ մոտեցումներն իհարկե տարբեր են, և ֆեյսբուքյան տիրույթում ու ոչ միայն այս առնչությամբ բանավեճը հանգում է նրան, թե ինչ բնույթի խնդիրների վրա պետք է ուսանողական պայքարի շեշտադրումը կատարվի, և որ այդ առումով բուն կրթական որակի հարցի բարձրացումն է առաջնային ու էական, և ոչ թե համալսարանական սանիտարահիգիենիկ ու հագեցվածության խնդիրները, քանի որ բուհական բարձրորակ կրթություն նաև առանց այդ տեխնիկական-նյութական խնդիրների լուծման էլ է հնարավոր ապահովել:

Մոտեցումների բազմազանությունն ու բախումն իհարկե ողջունելի է, ու հակադիր կարծիքները գոյություն ունենալու իրավունք ունեն անշուշտ, բայց այս հարցին փորձենք համակարգային մոտեցում ցուցաբերել ու առկա խնդիրները դիտարկենք միասնականության մեջ: Համալսարանի առաջնային նպատակն անկասկած ուսանողների համար ակադեմիական ու սոցիալ-մշակութային այնպիսի միջավայրի ձևավորումն է, որը թույլ կտա վերջիններիս համար որակյալ ու մրցունակ կրթություն ապահովել, նպաստել անձի՝ որպես քաղաքացի ու մասնագետ ձևավորվելու հույժ կարևոր գործընթացին: Բայց մեզանում բուհական կրթությունն ու համակարգը դեռ հեռու են վերոնշյալ չափանիշներին համապատասխանելուց, քանի որ ոչ միայն ոլորտում առկա խնդիրները բազմաթիվ են՝ սկսած ոլորտի ֆինանսավորման, կոռուպցիոն խնդիրներից մինչև կրթական մոդելի արդյունավետություն, այլև երիտասարդների մեծ մասի կողմից համալսարանի դիտարկումը՝  հիմնականում որպես անձնական սոցիալիզացիայի միջավայրի, հետին պլան է մղում կրթական-դաստիարակչական կոմպոնենտը: Բնականաբար՝ եթե անձի համար համալսարան հաճախելը կրթական նպատակ չի հետապնդում, լավագույն կրթական համակարգն ու համալսարանական միջավայրն էլ կրթական ու նյութական ասպեկտներով այս հարցում նշանակություն չի կարող ունենալ: Բայց սա հարցի մեկ ու մասնավոր կողմերից է:

hamalsaran-usanoxner-buh

Լուսանկարը՝ Հրաչուհի Ալմաստյանի

Երբ խոսում ենք համալսարանական բարեփումների թիրախների մասին, անհրաժեշտություն է դառնում համալսարանն ու համալսարանական կրթությունը դիտարկել որպես մեկ ամբողջական համակարգ, որում բուն կրթական գործընթացն ու դրա որակը շաղկապված են համալսարանական միջավայրում տարրական նյութատեխնիկական ու անգամ սանիտարահիգիեինիկ խնդիրների հետ:

Եկեք պատկերացնենք. ուսանողը, ով ամեն տարի կլորիկ գումար է վճարում համալսարանին, դրա դիմաց որակյալ կրթություն ու բարենպաստ համալսարանական միջավայր պետք է ակնկալի: Այդ վճարվող գումարներով էլ հենց համալսարանը հոգում է ինչպես կրթական պրոցեսի կազմակերպան, այնպես էլ ադմինիստրատիվ բազմաթիվ հարցեր: Տրամաբանական է, որ ուսանողի կողմից վճարված գումարներով համալսարանը պետք է ապահովի ոչ միայն առաջնային նշանակություն ունեցող որակյալ կրթություն ապահովելու հարցը, այլև տարրական սանիտարական-հիգիենիկ պայմաններ ստեղծի ուսանողների համար համալսարանում հարմարավետություն ապահովելու ու ուսանողի կենսական կարիքների բավարարման համար: Ուսանողը, հավատացեք, իրավունք ունի վճարված այդ մեծ գումարների դիմաց զուգարաններում թղթի ու օճառի, բուֆետներում՝ որակյալ ու մատչելի սնունդ ակնկալել ու, ինչու չէ, նաև պահանջել: Նշածս տարրական պայմանների ապահովումն ախր ուսանողների գեղագիտական կամ ժամանցային պահանջմունքների բավարարմանը չէ, որ միտված են, այլ տարրական կարիքները հոգալուն: Բայց սա էլ չէ խոսքիս բուն էությունը. ոչ ոք չի ասում, թե ուսանողներն առանց այդ օճառի, զուգարանի թղթի ու էժան սենդվիչի չեն կարողանա համալսարանում գոյատևել ու կրթություն ստանալ: Բնավ: Ամենակարևոր խնդիրն այն է, թե ինչու՞ այդ տարրական պայմանները չեն ապահովվում, խոսքը ընդամենը հասարակ զուգարանի թղթի ու օճառի մասին է. չէ՞ որ մեծ բան չէ, այնպես չէ՞: Ինչու՞ են նման տարրական խնդիրները, որոնց առկայությունն արդեն իսկ ամոթալի են բարձրագույն ուսումնական հաստատության համար, անտեսված ու հետին պլան մղված: Հասկանու՞մ եք, համալսարանում տարրական հիգիենիկ ու տեխնիկական բնույթի խնդիրները ուշադրության չեն արժանանում, էլ ինչպե՞ս պետք է կրթության որակի բարելավում ակնկալել, բուհական կոռուպցիան ու մնացած արատավոր երևույթներն արմատախիլ անել:

Բացարձակապես իրատեսական չէ մեծամասշտաբ, առավել խորքային լուծումներ ու մեծ ռեսուրսներ պահանջող խնդիրների լուծում ակնկալել, այն էլ՝ կրթության պես բարդ ոլորտում, երբ հերիք չէ՝ նման տարրական խնդիրների ենք բախվում, ու դեռ կասկածի տակ ենք դնում դրանք բարձրաձայնելու ու ուսանողական բարեփոխումների ելակետ դարձնելու նպատակահարմարությունը: Հավատացեք՝ եթե փոքր մասշտաբի ու տարրական խնդիրների լուծումն արդեն իսկ իրենից խնդիրներ է հարուցում, ավելի մեծ խնդիրների լուծման մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է, քանի որ ամբողջ հարցը այդ խնդիրների ընկալման, դրանց հանդեպ առկա վերաբերմունքի ու դրանց լուծում տալու ցանկության բացակայության դաշտում է:

Հավատացեք՝ նույն սկզբունքով խելամիտ չէ պետության մեջ քաղաքացու իրավունքների ու ազատությունների լիարժեք առկայություն ու պաշտպանություն, սոցիալական արդարություն ու նման այլ վեհ երևույթներ ակնկալել այն պարագայում, երբ, օրինակ, քաղաքացին իր շրջակայքը, փողոցը, իր ապրելու միջավայրը բառի բուն իմաստով աղբանոցի է վերածում, երբ շատ-շատերս տարրական պատասխանատվության զգացում չունենք մեր դիմացինի հանդեպ, և այսպես շարունակ: Կարծում եմ՝ կհամաձայնեք նաև, որ աղբը փողոցում նետող ու օրենքը չհարգող քաղաքացին չի կարող գաղափարապես ու արժեքային առումով հասուն լինել, օրինակ, ընտրությունների կարևորությունը երկրի ապագայի հարցում գիտակցելու և սեփական քաղաքացիական պարտականությունների անհրաժեշտությունը  կարևորելու համար:

Տարրական խնդիրների կարևորության գիտակցումն ու դրանց լուծումը միայն կարող է շղթայական ռեակցիայի մեխանիզմով հանգեցնել առավել բարդ ու խորքային հարցերի գիտակցմանն ու լուծմանը, ամեն մի մեծ խնդիր մանրուք թվացող բազմաթիվ փոքր խնդիրների հետևանք է հենց, և հնարավոր չէ մեծ խնդիրները այդ մանրուքներից տարանջատել, ու ցանկացած զարգացում աստիճանական աճի տրամաբանությանն է ենթարկվում:

 

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*