Վարքականոն՝ ավագանու նյարդային անդամի

Ինչ լինում է՝ թող ապակե տարային լինի։
avagani-ceckrtuq (1)
  1. Կոյուղաջրերի հետ չխաղալ։
  2. Նիստերի դահլիճում տհաճ հոտ զգալիս՝ անմիջապես հակագազ հագնել ու հակաալերգիկներ խմել։
  3. Պարզել տհաճ զգացողությունների աղբյուրը եւ այն գցել կոյուղի։ Կամ՝ գրկել, բայց առանց շոյելու՝ շպրտել միջանցք։
  4. Վերադասին կրծքով պաշտպանելիս՝ զերծ մնալ գործընկերուհիների կրծքերից բռնվելու գայթակղությունից։
  5. Չարություն չանել՝ չքաշել աղջիկների մազերից։
  6. Արտակարգ կամ չնախատեսված պատահարի դեպքում կանչել սրտաբանական շտապօգնության բրիգադ ու անկոչ ժամանած հոգեբույժներին փորձել ապացուցել, որ գիժը դուք չեք։
  7. Երբ զգում եք, որ ձեր հագուստը, անկախ ձեր կամքից, փորձում են հանել, շուռ եկեք ու մի լավ քաշեք փողկապից, նույնիսկ եթե այն կարմիր չէ։
  8. Անկախ սեռից՝ սեռական բռնության ենթարկված լինելու մասին հայտարարության տեքստ ունեցեք ձեռքի տակ. ինչ իմանաս՝ ինչ է սպասվում աշխատավայրում։
  9. Ամեն ինչ անել՝ լրագրողի աշխատանքը ոչ միայն չխոչընդոտելու, այլեւ նրան հնարավորինս աջակցելու համար։ Ասենք՝ գրկել-տեղավորել լրագրողին (տեսախցիկով կամ առանց) մի անվտանգ ու լայն տեսադաշտով սեղանի վրա։
  10. Messenger-ով 24-ժամյա կապ պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։
  11. Ձեռքի տակ ունենալ տեքստ այն մասին, որ բռնություններ չեն եղել, որ բռնություններ եղել են, բայց այնքան էլ բռնություններ չէին, ու կարդալ՝ իրավիճակից ելնելով։ Կամ՝ նայած վերադասն ինչ կասի։
  12. Եթե տեսնում եք, որ անկախ խփելուց, մազ քաշելուց, հրելուց, հայհոյելուց՝ կնոջ արտաքինով ծպտված Ծիրանուհին շարունակում է դեբոշ սարքել՝ հրշեջ փրփուր օգտագործեք. գոնե այլեւս չի կարող բղավել։
  13. Բռնցքամարտի տեղի տղերքով վերջում չմոռանաք գնալ մի կտոր հաց ուտելու- լիցքաթափվելու։

Անվտանգ աշխատանքային օր բոլորիս։ Ինչ լինում է՝ թող ապակե տարային լինի։

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները