Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ կառավարությունում

...քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
karen-karapetyan-pijak

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները ներկայացրել են ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության, կրթության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերը: Դրանց շուրջ ծավալվել է լայն քննարկում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը և այդ ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տվել: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, առողջապահության նախարարներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և ոստիկանության պետին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 20-ը քննարկել ներկայացված բոլոր դիտողությունները, անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագծերը՝ համագործակցելով փորձագետների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Բացի այդ, ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջեով նախատեսվող գումարների շրջանակներում և անհրաժեշտության դեպքում քննարկման առարկա դարձնել բյուջեի քննարկման ժամանակ: Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է նոյեմբեր ամսին, անհրաժեշտության դեպքում քննարկելով այլ շահագրգիռ մարմինների հետ, ամբողջականացնել փաստաթուղթը՝ ներկայացնելով այն կառավարության քննարկմանը:

*

*