ԱՄՆ կոնգրեսն ընդունել է Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձեւը — Երկիր Մեդիա

ԱՄՆ կոնգրեսն ընդունել է Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձեւը

Ներկայացուցիչների պալատը միաձայն դատապարտել է...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Այս մասին տեղեկացնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Բանաձևի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ):

Բանաձևը միաձայն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մայիսի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում:

ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունելով բանաձեւի ընդունումը, նշել է.

«Կոնգրեսը այսօրվա քվեարկությամբ սկսեց Վաշինգտոնն Անկարայի բռնազավթումից ազատելու գործընթացը: Անկարայի քմահաճույքներին անընդհատ ընդառաջելուց, Ցեղասպանության արհավիրքների, Թուրքիայի տարածքում եւ այնտեղից դուրս՝ արտասահմանում, նրա բիրտ վարքագծի նկատմամբ կույր ձեւանալուց հետո՝ ԱՄՆ-ն՝ սկսելով ներկայացուցիչների պալատից, մի շրջադարձ արձանագրեց այսօր՝ հակադրվելով Թուրքիայի բռնություններին եւ հակաամերիկյան հարաճուն վարքագծին»:

*

*