ՄԱԿ-ի` թմրանյութերի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի (UNODC) վարչությունը հրապարակել Է հաշվետվություն, ըստ որի աշխարհում ամեն օր 137 կանայք են սպանվում իրենց մերձավորների ու ազգականների ձեռքով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ կանանց սպանության վայրն ամենից հաճախ դառնում է հարազատ տունը:
2017 թվականին սպանված 87 հազար կանանց ավելի քան կեսը դարձել է իր մերձավորների զոհը: Նրանցից մոտավորապես 30 հազարը զոհվել են զուգընկերոջ՝ ամուսնու կամ կենակցի ձեռքով, եւս 20 հազարը սպանվել են ազգականների կողմից:
Տվյալները, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի վարչության կողմից, վկայում են, որ տղամարդու համար կանխամտածված սպանության հետեւանքով զոհվելու հավանականությունը չորս անգամ ավելի մեծ է, քան կնոջ համար:
ՄԱԿ-ը նշում Է, որ ամբողջ աշխարհում տասը սպանություններից ութի դեպքում զոհ են դառնում տղամարդիկ: Դրա հետ մեկտեղ նույն այդ հաշվետվության մեջ ասվում Է, որ ընտանիքի անդամների կողմից ազգականների դեմ կատարված հանցագործությունների զոհերի 80 տոկոսից ավելին կանայք են: