Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը

Ծառայությունը կասեցրել է 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը։
khurma

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ի 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ դիտարկում է իրականացվել:

Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման և պիտանելիության ժամկետները, նշված են եղել ոչ հավաստի տեղեկություններ: Միաժամանակ, ընկերության պահեստում խախտվել են ապրանքատեսակի պահման պայմանները:

Ծառայությունն անմիջապես կասեցրել է 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը՝ մինչև  դրանց արտադրության, ժամկետների մասին հիմնավորումներ ստանալն ու օրենքով սահմանված կարգով մակնշելը։ Ընկերության ղեկավարին տրվել է թերի մակնշմամբ սննդամթերքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցնելու և  շուկայից ետ կանչելու հանձնարարական:

Տեսուչները նաև պարզել են, որ կազմակերպությունն անցել է  համապատասխանության գնահատում և ունի EAC համապատասխանության հայտարարագիր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

*

*