Խոսրովի անտառի հրդեհից «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ եւ բույսեր չեն տուժել

Վերականգնման ժամկետների եւ ծավալների մասին վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ մեկ տարի հետո:
sev-anggh

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհից մեկ ամիս անց ամերիկացի մասնագետները ուսումնասիրություն են սկսել տարածքում` պարզելու անտառի վիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի հետեւանքով ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ եւ բույսեր չեն տուժել:

«Սեւ անգղը հիմնականում բնադրվում է գիհի ծառատեսակի  վրա: Խոսրովի անտառում կոնկրետ գիտեն՝ որ հատվածներում եւ որ ծառերի վրա է սեւ անգղի բնադրավայրերը: Անտառի վնասված հատվածում սեւ անգղի բույն չկա, արգելոցի չայրված հատվածներում  էլ գիհին լիարժեք պահպանված է»,-ասաց նա:

Անտառի վերականգնման ժամկետների հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը բացառեց  մարդու ցանկացած ներգործություն՝ թեկուզ դրական իմաստով:

«Անտառը պետք է  իր բնական ընթացքով վերականգնվի: Վերականգնման ժամկետների եւ ծավալների մասին վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ մեկ տարի հետո` գարնանը: Ներկայում  անտառում կան այրվածքներ ստացած ծառեր, որոնց կենսունակությունը հնարավոր կլինի պարզել միայն դրանք ծաղկելուց հետո»,- ասաց նա:

Խոսրովի արգելոցից հրդեհի հետեւանքով այլ վայրեր տեղափոխված կենդանիների հարցը եւս լուծված է: Նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որսն արգելված է:

*

*