ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

«Երկարատեւ աշխատանքից հետո ես որոշեցի, այնուամենայնիվ, դպրոց վերադառնալ»
narine-hovhannisyan

armtimes.com— ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր զրույցում նա վստահեցրեց, որ պաշտոնանկությունն իր ցանկությամբ է` սեփական դիմումի համաձայն:

«Երկարատեւ աշխատանքից հետո ես որոշեցի, այնուամենայնիվ, դպրոց վերադառնալ, իմ վերջին տարիները դպրոցում աշխատել, եւ հիմա իմ դիմումի համաձայն, նախարարն ինձ ազատեց զբաղեցրած պաշտոնից: Նշանակվել եմ համար 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթի անցկացումը»,- ասաց ԿԳՆ արդեն նախկին վարչության պետը:

Նկատենք, որ երբ տարիներ առաջ որոշում ընդունվեց, որ ուսումնական հաստատության ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ պայման է հավաստագրի առկայությունը, Նարինե Հովհաննիսյանը վարչության պետ էր: Ասել է թե` այժմ նա չպետք է ունենա այդ փաստաթուղթը:

Տիկին Հովհաննիսյանը հաստատեց դա` ասելով, որ երբ օրենքով սահմանված կարգով եռամսյա ժամկետում հայտարարվի կրթահամալիրի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, այդ ընթացքում ինքը նաեւ հավաստագիր ստացած կլինի:

Համար 6 կրթահամալիրը գտնվում է Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում:

«Այն ինձ հետաքրքիր է շատ: Դժվար դաստիարակվող երեխաների դպրոց է, եւ շատ հետաքրքիր է լինելու նրանց հետ աշխատել, նաեւ դաստիարակչական աշխատանքներ տանել: Ես սիրում եմ այդպիսի աշխատանքը: Այն հոգեհարազատ է ինձ»,- պատճառաբանելով կրթական հաստատության ընտրությունը` ասաց Նարինե Հովհաննիսյանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պարտականություններն առայժմ կատարում է պետի տեղակալ Նոնա Սահակյանը, մինչեւ որ այս պաշտոնի դեպքում նույնպես կհայտարարվի ու կանցկացվի թափուր պաշտոնի մրցույթ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները