ԿԳՆ-ի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջեւ փոխընբռնման հուշագիր է ստորագրվել

Ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Սփյուռքի հմուտ մասնագետներն աշխատում են Հայաստանի՝ ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում:

Հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման եւ որակյալ կրթություն ապահովելու նպատակով այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջեւ:

Հիմնադրամի նույնանուն ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Սփյուռքի հմուտ մասնագետներն աշխատում են Հայաստանի՝ ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում:

Այսուհետ նախարարությունը հիմնադրամին տեղեկություններ կտրամադրի դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքների եւ աշակերտների առաջադիմության վերաբերյալ: Փոխարենը հիմնադրամը ծրագրի մասնակիցներին՝ հայաստանցի եւ սփյուռքահայ վերապատրաստված մասնագետներին ուղղորդելու է այդ դպրոցներ՝ 2 տարի դասավանդելու նպատակով:

«Ես եղել եմ Դիլիջանի դպրոցում եւ մասնակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին: Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել այն առաջընթացը, որ գրանցել են ծրագրի մասնակիցները: Շատ ոգեւորված եմ: «Կրթություն բոլորի համար» ցանցում մենք աշխատում ենք, որ լավագույն երիտասարդներն իրենց ջանքերն ուղղեն բոլոր երեխաների՝ հավասար եւ գերազանց կրթություն ստանալու հնարավորությանը: Շատ ոգեւորված եմ, որ Հայաստանը եւս միացել է մեր այս միջազգային ցանցին»,- ասել է «Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի տնօրեն Ուենդի Քոփին:

*

*