«Մեր կրթական համակարգի ամուր հենքը գյուղական դպրոցն է»

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ ԿԳ նախարարն այցելել է Արզական գյուղի դպրոց:

Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է: Դրան ընդառաջ ԿԳ նախարարն այցելել է Արզական գյուղի դպրոց: Կրթօջախի ընտրությունը պատահական չէ. նախարարը վստահ է, որ անմիջապես գյուղական դպրոցներն են համակարգի հենքը:

Լեւոն Մկրտչյանը այնտեղ բաց դաս է անցկացրել, նվիրել գրքեր եւ խոստացել դպրոցին նվիրել համակարգչային սենյակ:

Նախարարը գիրք նվիրելու օրվա միջոցառումները սկսեց 2 օր շուտ: Որոշեց հատուկ ընտրված գրքերը Արզականի դպրոց ոչ թե ուղարկել, այլ՝ անձամբ նվիրել ու օրն արժեւորել ոչ թե մայրաքաղաքի հայտնի դպրոցում, այլ հենց գյուղական:

«Մեր կրթական համակարգի շատ ամուր հենքը, որ պահել է իր ավանդույթները՝ մեր գյուղական դպրոցն է: Եվ, ցավոք, մեր գյուղական դպրոցների զգալի մասում աշակերտների պակաս կա: Այս դպրոցը կենսունակ է, այն ունի 305 աշակերտ: Այ, այստեղ է, որ իսկապես իրականացվում է կրթական ծրագիր»,- ասաց նա:

Ի՞նչ է նվիրել նախարարը՝ Տաթեւիկը միանգամից գնաց տեսնելու: Եսենինի ստեղծագործությունների կողքով չի կարողաց անտարբեր անցնել:

«Շատ եմ սիրում Շագանե բանաստեղծությունը: Այն շատ նուրբ է»,- ասաց Տաթեւիկը:

Արդեն կողմնորշվել է ընտրության հարցում, սակայն գրականությունը միշտ մնում է նախապատվություն:

«Սիրում եմ մարդկանց օգնել, դժվարին պահերին աջակցել, այդ պատճառով էլ որոշել եմ բուժքույր դառնալ»:

Նախարարի հետ այսպես դեմ առ դեմ լինելու հնարավորություն ամեն անգամ չէ, որ լինում է, ուստի երեխաները որոշեցին ծնողներից առաջ նախ նախարարի հետ խորհրդակցել՝ մասնագիտություն ընտրելիս ինչպես կողմնորոշվել:

«Ծնողներին այս հարցում շատ մի լսեք: Շատ դեպքերում ծնողներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ ծնողները, սովորաբար, իրենց չիրականացված երազանքները փորձում են երեխաների միջոցով իրականացնել»,- ասաց նա:

Մյուս հարցերն էլ կրթական համակարգի մասին էին: Աշակերտները հենց առաջին ձեռքից են ուզում իմանալ՝ ի վերջո շարունակելու են 11 թե 12 տարի սովորել:

«Ինչքանով է մեր վկայականները, որ մենք տալիս ենք՝ ճանաչելի մեծ տարածքի համար: Աշխարհն անցել է 12 ամյա համակարգի: Պարզապես մենք պետք է 12 դասարանը փոխենք: Դուք անցնեք պրակտիկաներ»,- ասաց նախարարը:

Դպրոցում մեկ պտույտ ու ոլորտի ղեկավարը տպավորված է: Այնքան, որ խոստացավ՝ այստեղ կփոխեն վերջին հին իրերը՝ համակարգիչները: Արզականի դպրոցը շուտով կունենա համակարչային դասարան:

Հեռանալիս՝ նախարարին չթողեցին առանց նվերի: 2017-ի առաջին նվեր գիրքը՝ Ցեղասպանության մասին է ու Լեւոն Մկրտչյանին հատկապես է հարազատ, ոչ միայն այն պատճառով, որ պատմաբան է:

«Իմ մեծ պապերը Ցեղասպանության վերապրողներ են»,- ասաց նա:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ կրթության նախարարը նաեւ խորհուրդ է տալիս. ամեն մարդ անպայման պետք է կարդա Մարկեսի 100 տարվա մենությունն ու Վիլյամ Սարոյան:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*