ԿԳ նախարարը հանդիպել է ԵԹԿՊԻ-ում բողոքի ակցիա անող ուսանողների հետ

«Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ»
arayik-harutyunyan

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հանդիպել է Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բողոքի ակցիա իրականացնող ուսանողների խմբի հետ:

«Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»- գրել է նա:

Նշենք, որ այսօր ԵԹԿՊԻ մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել` փակելով ինստիտուտի դռները: Նրանք պահանջում էին ինստիտուտի նորընտիր ռեկտորի հրաժարականը:

*

*