Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ

Կառավարությունը կքննարկի 5 տոկոսի փոխարեն 7.5 վճարելու հարցը․․․
kensatoshak-partadir

Հայաստանի կառավարությունը հունիսի 11-ի արտահերթ նիստում կքննարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2018թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:

Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել  2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է:  Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համակարգի ամբողջական ներդրումը կարևոր է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնք աշխարհում հսկայական հեղինակություն են վայելում և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ են կառավարում։ Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության վերաբերյալ:

*

*