Մեր երկրի առաջ ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ. կաթողիկոս

Խորհրդարանի առաջին նիստում իր օրհնանքի խոսքում...
katoxikos-xorhrdaran2 (1)

7-րդ գումարման ԱԺ պատգամավորների օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն Հայաստանի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, մշակույթի առաջընթացի, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ  հնարավորություններ:

Խորհրդարանի առաջին նիստում իր օրհնանքի խոսքում այս մասին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պատգամավորներին և իր հայրապետական օրհնությունը բերեց անդրանիկ նիստի առիթով: «Արգասաբեր գործունեության առիթով շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներիդ: Այսօր դուք` իբրև ժողովրդի վստահյալ ներկայացուցիչներ, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ: Մեր ժողովուրդը բարեփոխումների մեծ հույսեր ու ակնկալիքներ ունի, միայն բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ, որ հուզում է մեր ժողովրդին։ Մեր երկրի առաջ ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմագրավելու և շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պետք է ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական-քաղաքական գործիչների և ողջ հասարակության  ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման, հուսալի ապագայի կերտման գլխավոր պայմանն են»,-ասաց Վեհափառ Տերը:

Նա շեշտեց` պատգամավորների օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն անհրաժեշտ  միջավայր ու հնարավորություններ` մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Իսկ պատգամավորների հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական կյանքում օրինականության, արդարության ամրապնդմանը, որոնք կզորացնեն մեր ընթացքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ պիտի արդյունավորվեն նաև ԱԺ դահլիճում ընթացող քննարկումները և կայացվող որոշումները հավելելով` քաղաքական հայացքների և տեսակետների բազմակարծությամբ հանդերձ` ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում պատգամավորներին:

*

*