Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին — Երկիր Մեդիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Նորին Սրբությունը պատասխանեց նաև սկաուտների հարցերին
skautner-mayr-ator3 (1)

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող «Անդրանիկ» սկաուտական ճամբարի 70 հայորդիների, որոնք Հայաստան են ժամանել Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Վրաստանից:

Ճամբարի ղեկավար Ռայմոնդ Հարությունյանն անդրադարձավ ճամբարի հայրենանվեր գործունեությանն ու առաքելությանը, ներկայացրեց ճամբարը Հայաստանում կազմակերպելու նպատակը:

Վեհափառ Հայրապետը կարևորեց սկաուտական ճամբարային հավաքի անցկացումը Հայաստանում, որով տարբեր երկրներից ժամանած պատանի հայորդիներին լավագույն հնարավորությունն է ընձեռնվում միմյանց ճանաչելու և հայրենիքի սրբություններին հաղորդակցվելու:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այս մեկտեղումը հայրենիքում առավել կզորացնի նրանց հոգիներում հայրենասիրության զգացումը և նախանձախնդրության ոգին, ինչպես նաև կամրապնդի հզոր ու լուսավոր Հայաստան կերտելու նրանց գիտակցությունը:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև սկաուտների հարցերին, որոնք վերաբերում էին Աստվածաշնչին, Հայոց Եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը:

Հանդիպման ընթացքում «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցները կատարեցին «Էրեբունի-Երևան» և «Գետաշեն» երգերը:

 

 

*

*