Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գևորգյան ճեմարանի սաների հետ

Ապագա եկեղեցականներին ընծայվեցին Նոր Կտակարաններ
katoxikos-saner2

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանի 18 սաների հետ:

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ներկայացնելով այս տարի հոգևոր հաստատություն մուտք գործած ուսանողներին, նշեց, որ ճեմարանի առաջին լսարանցիների հետ Ամենայն Հայոց Հայրապետի ամենամյա հանդիպումը գեղեցիկ ավանդույթ է դարձել: Հայր Գարեգինը նշեց, որ նման հանդիպումները ոգեշնչում են երիտասարդներին և առավել խանդավառում իրենց ուսումնառության մեջ:

Այնուհետև երիտասարդներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը հորդորեց ճեմարանականներին ուսումնառության տարիները լավագույնս ծառայեցնել գիտելիքներ ամբարելու և հոգևոր առաքելության պատրաստվելու համար:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ճեմարանականներին` մաղթելով բարեհաջող ուսումնառություն հոգևոր հաստատության կամարների ներքո:

Հանդիպման առիթով Հայոց Հովվապետն ապագա եկեղեցականներին ընծայեց Նոր Կտակարաններ:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական ծառայությունից։

 

*

*